«Հայաստանի թվային փոխակերպման ներկայիս միջազգային ցուցանիշները բավարար չեն». վարչապետ
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ թվայնացման ոլորտում միջազգային վարկանիշներին և գործողություններին:
«Հայաստանի թվային փոխակերպման ներկայիս միջազգային ցուցանիշները բավարար չեն, ինչը հատկապես պայանավորված է անհրաժեշտ ամբողջական վիճակարգական տվյալների և մշտադիտարկման գործիքակազմի բացակայությամբ: Զուգահեռաբար, հարկավոր է նաև ընդլայնել անձանց մատուցվող պետական ծառայությունները թվային գործիքներով տրամադրելու շրջանակը, դրանց միջոցով պարզեցնել վարչարարությունը, նվազեցնել ժամկետները և հնարավոր կոռուպցիոն ռիսկերը», - ասաց նա:
Վարչապետը հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին և «Թվային Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենին հանձնարարեց երկուամսյա ժամկետում գույքագրել և մշակել կոնկրետ գործողություններ՝ ուղղված միջազգային թվային վարկանիշներում հայաստանյան ցուցանիշի բարելավման և առաջընթացի ապահովման առաջակություն, մեկամսյա ընթացքում ամփոփել և արձանագրել առաջիկայում թվայնացման ենթակա առաջնահերթ պետական ծառայությունների շրջանակը և դրանք ներկայացնել կառավարության աշխատակազմ:
Վարչապետը Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տոխնոլոգիաների նախարարին կոչ արեց ստանձնել տեղեկատվության և հաղորդակցման տեխնոլոգիաների միջազգային վարկանիշներում հայաստանյան ցուցանիշների բարելավման ուղղված մշտադիտարկման և օժանդակության տրամադրմամ համապատասխան մարմինների մասնագիտական գործառույթ:
Նա Ազգային վիճակագրական ծառայության պետին առաջարկեց մասնակից լինել այս գործընթացին:
«Այս վարկանիշով մենք անտրամաբանական հետ ենք: Այսինքն՝ ոչ թե հետ ենք, որ մեր վիճակն է այսքան վատ, այլ, որովհետև ուղղակի ռեգուլյար անհրաժեշտ ինֆորմացիան չենք տրամադրել: Այդ իսկ պատճառով՝ մենք պայմանավորվել ենք և ես պարոն Գաբրիելյանին խնդրել եմ բոլոր նման վարկանիշների հետ կապված ամփոփենք, կոնկրետ պատասխանատու նշանակվի, որ վաղը, մյուս օրը հասկանանք, թե ով է թերացել իր աշխատանքի մեջ», - ասաց նա:
