Հայաստանում 2015թ-ի 1–ին կիսամյակում հանցագործությունների թիվը նվազել է
2015թ-ի հունվար-հունիսին Հայաստանում գրանցվել է հանցագործության 8 538 դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակասել է 295 դեպքով, տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը:
Նվազել են թե՛ առանձնապես ծանր հանցագործությունները՝ 80 դեպք 87-ի համեմատ, ծանր հանցագործությունները՝ 1 576 դեպք նախորդ տարվա 1 750-ի փոխարեն և թե՛ միջին ծանրության հանցատեսակները՝ 2 433 դեպք 2 796-ի համեմատ:
Նախորդ տարվա համեմատ 249 դեպքով ավելացել են միայն ոչ մեծ ծանրության տեսակի հանցագործությունները և կազմել 4 449 դեպք:
Հանցագործությունների հիմնական մասն ուղղված են եղել սեփականության դեմ՝ 3 630 դեպք, երկրորդ տեղում են մարդու (անձի) դեմ ուղղված հանցագործությունները՝ 2 322 դեպք, իսկ երրորդ տեղում՝ հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները՝ 1 527 դեպք:
