Հայաստանում բացվում է 2015-2016 թթ. սիրողական որսաշրջանը
Հայաստանի տարածքում մեկնարկում է սիրողական որսաշրջանը: Թույլտվության հրամանն օգոստոսի 13-ին ստորագրել է ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Հրամանը նաև ներառում է Հայաստանի Հանրապետության տարածքում 2015-2016 թվականների սիրողական որսի համար որսի կենդանիների թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները:
Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքներից) թույլատրվում է հետևյալ որսատեսակների սիրողական որսը.
լոր - 2015 թվականի օգոստոսի 23-ից հոկտեմբերի 31-ը (10 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ընթացքում),
աղավնիներ (թխակապույտ և անտառային, սովորական տատրակ) -
2015 թվականի օգոստոսի 23-ից 2016 թվականի հունվարի 31-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ընթացքում),
քարակաքավ - 2015 թվականի նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ընթացքում),
կտցարներ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցվածների) - 2015 թվականի օգոստոսի 23-ից դեկտեմբերի 31-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ընթացքում),
արտույտներ (դաշտային, տափաստանային) - 2015 թվականի սեպտեմբերի 10-ից հոկտեմբերի 31-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ընթացքում),
սարյակ (սովորական) - 2015 թվականի օգոստոսի 23-ից հոկտեմբերի 31-ը (10 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ընթացքում),
կեռնեխներ (սև կեռնեխ, սինակեռնեխ) - 2015 թվականի օգոստոսի 23-ից դեկտեմբերի 31-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ընթացքում),
ջրլող թռչուններ` բադեր (կռնչան բադ, կարմրագլուխ սուզաբադ, սուլող և ճքճքան մրտիմներ) և ջրհովվիկներ (փառփար, եղեգնահավ) -2015 թվականի սեպտեմբերի 15-ից 2016 թվականի փետրվարի 29-ը (2 հատ բադից և 2 հատ ջրհովվիկից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ընթացքում),
2015-2016 թվականների որսաշրջանի ընթացքում վերոնշյալ կենդանատեսակների համար որսի թույլտվություն ունեցող անձանց չի արգելվում իրականացնել մոխրագույն ագռավի, կաչաղակի, գայլի և շնագայլի որս:
