Հայաստանում Իսրայելի մշակույթի օրեր կանցկացվեն
Նոյեմբերի 18-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Հայաստանում Իսրայելի մշակույթի օրերի բացման գալա համերգը: Այս մասին հայտնում են Հայաստանի մշակույթի նախարարությունից: Հայաստանում Իսրայելի մշակույթի օրերի շրջանակում համերգներ են նախատեսվում նաև Վանաձոր և Գյումրի քաղաքներում. նոյեմբերի 19-ին Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, նոյեմբերի 21-ին, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:
Մշակույթի օրերի մասնակից ստեղծագործական խմբի կազմում են երգիչներ Ա. Ռեզնիկովան, Վ. Բլայբերգը, Մ. Դվիրը, Մ. Բրիկմանը, «Վիզավի» պարային համույթը, «Ա. Կոչետկով» և «Լաբաստա» գործիքային համույթները: Հայաստանում այսօր մեկնարկում է Իսրայելի մշակույթի օրեր:
«Հայաստանի Հանրապետության կառավարության և Իսրայելի Պետության Կառավարության միջև 2012-2014 թթ. կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցության մասին» և ՀՀ մշակույթի նախարարության և Իսրայելի սփյուռքի և տեղեկատվության նախարարությունների միջև 2013-2015 թթ. համագործակցության աշխատանքային ծրագրերի շրջանակում նոյեմբերի 16-22-ը Հայաստան կժամանի Իսրայելի Երուսաղեմի և սփյուռքի հարցերով նախարարության պատվիրակությունը: