Հայաստանն ու Հունաստանը ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր կկնքեն
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Հունաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրի կնքմանը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը կառավարության նիստին ասել է, որ կողմերի միջև համագործակցությունը կներառի մի քանի ոլորտ:
«Մասնավորապես, նախատեսվում է զենքի, զինամթերքի և պայթուցիկների արտադրության նպատակով տեխնոլոգիաների փոխանցում և տեխնիկական աջակցություն, զենքի արտադրության վերաբերյալ տեղեկատվության, փորձի և կարծիքների փոխանակում, ռազմական նշանակության արտադրանքի վերաբերյալ, դրա արտադրության համար հետազոտությունների իրականացում և զարգացում»,-ասաց նա:
Համաձայնագրի ներքո համատեղ ստեղծված աշխատանքի արդյունքների և սարքավորումների վաճառքը, սարքավորումների հասանելիության հարցը երրորդ պետություններին կարգավորվում է առանձին համաձայնագրերով` երկու երկրների համաձայնությամբ:
Համաձայնագրով նախատեսված դրույթների իրականացման նպատակով կողմերը ստեղծելու են հայ-հունական ռազմատեխնիկական համագործակցության միջգերատեսչական հանձնաժողով:
