Հայաստանը կունենա ՄԻԵԴ նոր դատավոր
Հունվարի 26-ին մեկնարկող Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում կընտրվի Հայաստանը ներկայացնող դատավորը։
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի կողմից գաղտնի քվեարկությամբ դատավորն ընտրվելու է առաջարկված երեք թեկնածուների ցանկից: Համաձայն ԵԽԽՎ-ում ՄԻԵԴ-ի դատավորների ընտրության ընթացակարգի՝ մինչ քվեարկությունը Վեհաժողովի Մարդու իրավունքների ենթահանձնաժողովը թեկնածուների հետ անցկացնում է հարցազրույցներ:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դատավորի պաշտոնում Հայաստանի կողմից առաջադրված երեք թեկնածուները՝ Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցիչ, Ուկրաինայում Մարդու իրավունքների մշտադիտարկման ՄԱԿ-ի առաքելության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, իրավաբանական գիտությունների դոկտոր, ՀՀ նախկին ՄԻՊ Արմեն Հարությունյանը, «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության և «Ֆորում իրավունքի կենտրոն» ՀԿ մասնակից Արա Ղազարյանը և ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ Նելիկ Հարությունյանը հրավիրվել են հարցազրույցի, որը նախատեսված է հունվարի 16-ին՝ Ստրասբուրգում:
