Հայաստանը մեկ շաբաթ ունի
Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի հարցով գործարքը երեբք այսքան մոտ չի եղել:
Հայաստանը շահավետ ուղիներից մեկն է, որտեղ Իրանը կարող է կապվել Եվրոպային: Սակայն Իրանն ու Հայաստանը զարմանալիորեն գրեթե հաղորդուղիներ չունեն, կարծես թե այս երկրներն ամենեւին հարեւաններ էլ չեն: Կա երկաթուղի, սակայն այն անցնում է Նախիջեւանով, եւ հիմա փակ է: Իսկ Մեղրիում ավտոմայրուղին թույլ չի տալիս զարգացնել ուղեւորների ու բեռների հոսքը:
Օրերս Երեւանում գտնվող ԱՄՀ բարձրաստիճան պաշտոնյան բաց տեքստով Հայաստանին կոչ է արել ուշադրություն դարձնել Իրանի վրա: Մինչ այդ նման հայտարարություններ էին արել արեւմտյան փորձագետները, ովքեր Երեւանում մասնակցում էին ՆԱՏՕ-ի սեմինարին:
Եթե Իրանի միջուկային ծրագրով գործարքը կայանա, կունենաք իրանական գազի ու նավթի մեծ ներուժը, որոնք կլցնեն արեւմտյան շուկան եւ կիջեցնեն էներգակիրների գինը, հայտարարել է Լոնդոնի արքայական քոլեջի փորձագետ Թրեյսի Ջերմանը: Նրա տեսակետով, կընկնի Հարավային Կովկասում էներգետիկ նախագծերի տնտեսական կենսունակության մակարդակը:
Հայաստանը համառորեն հրաժարվում է իրանական գազային նախագծերից, որովհետեւ դրանք հակասության մեջ են ռուսականների հետ: Էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը հայտարարել է, որ բացառվում է իրանական գազի գնումը: Սակայն ակնհայտ է, որ եթե Իրանի ու Արեւմուտքի գործարքը կայանա, Հայաստանը ստիպված է լինելու կապող օղակ դառնալ:
Իրանի ու Հայաստանի միջեւ երկաթուղային հաղորդակցության բացումը (Վրաստանով դեպի Սեւ ծով) հավանական է երկու տարբերակով: Առաջինը Մեղրիով նոր ճանապարհի կառուցումն է, ինչը 100 կմ երկարությամբ թունելների կառուցում կպահանջի: Երկրորդն Ադրբեջանի հետ զինադադարի կամ խաղաղության համաձայնագրի ստորագրումն է հաղորդակցությունների բացման պայմանով: Ըստ ամենայնի, երկու տարբերակներն էլ մշակվում են, որովհետեւ Արեւմուտքը շահագրգռված է Իրանի համար հայկական տրանզիտով:
Դրանում շահագրգռված է նաեւ Չինաստանը: Իրան-Հայաստան երկաթուղու նախագիծը ներգծվում է Ասիայից Եվրոպա ենթակառուցվածքների ստեղծման Չինաստանի ծրագրում, հայտարարել է տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը: «Չինաստանի կառավարությունը հիանալի մոտեցում ունի, որը նրանք կոչում են Մետաքսի ճանապարհ եւ 40 միլիարդ դոլար են հատկացրել»,- ասել է Բեգլարյանը:
Ռուսաստանը, ընդհակառակը, ակտիվորեն խոչընդոտում է հայ-իրանական կապերին՝ փորձելով թույլ չտալ Հայաստանի տարածքով Իրանի ու Արեւմուտքի դաշինքը: Մոսկվան հայտարարություններ է անում իրանական նավթ գնելու, Իրանին C-300-ի փոխարեն Անթեյ հրթիռներ վաճառելու համաձայնության մասին: Սակայն Թեհրանը գործարքի չի գնում Մոսկվայի հետ:
Իրանն ավելի շատ Հայաստանի ու Վրաստանի հետ համագործակցության է տրամադրված: Իրանը, Հայաստանը եւ Վրաստանը մոտ ապագայում եռակողմ համագործակցություն կսկսեն էլեկտրաէներգիայի փոխադարձ մակատարարման ոլորտում, հայտարարել է Իրանի էներգետիկայի փոխնախարար Հուշանգ Ֆալահաթիանը:
Հայաստանը, հնարավոր է, մեկ շաբաթ ժամանակ ունի, որպեսզի հստակեցնի իր դիրքորոշումն Իրան-Արեւմուտք գործարքի կապակցությամբ:
