Հայհոյել է իջեւանցիների հասցեին, ինքնաձիգով կրակել ռեստորանի բարին եւ առաստաղին
Այսօր Իջեւանում, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում նշանակված է Վանաձոր քաղաքի բնակիչներ,1980 թ. ծնված Ազատ Խլղաթյանի եւ 1983թ. ծնված Աշոտ Աթաբեկյանի դատավարության առաջին նիստը: Նրանք գտնվում են կալանքի տակ: Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի՝ Ազատ Խլղաթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. դեկտեմբերի 20-ին, ժամը 21-ի սահմաններում Իջեւան քաղաքի բնակիչ Վալերի Աղինյանին պատկանող «Դրուժբա» ռեստորանում տեղի ունեցած վիճաբանությունից հետո կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակության նկատմամբ, սեռական բնույթի հայհոյանքներ տալով «իջեւանցիների» հասցեին, ձեռքին եղած ինքնաձիգից կրակոցներ է արձակել ռեստորանի բարի եւ առաստաղի ուղղությամբ, դրանով հանրային վտանգավոր եղանակով դիտավորությամբ վնասել է Վ. Աղինյանի գույքը՝ պատճառելով գույքային վնաս:
