Հայկ Կյուրեղյանի գործով դատական նիստը հետաձգվեց. պատճառը նույնն է
Փաստինֆոն գրում է.
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի շենքի դիմաց բողոքի ակցիա կատարած Հայկ Կյուրեղյանի գործով այսօրվա դատական նիստը տեղի չունեցավ՝ ամբաստանյալի պաշտպան, դատարանի կողմից պատշաճ ծանուցված Արա Զաքարյանի բացակայության պատճառով:
Նախորդ դատական նիստը ևս հետաձգվել էր՝ պաշտպանի բացակայության պատճառով:
Ամբաստանյալը նշեց, որ ինքը չի կարող բացատրել, թե որն է պաշտպանի բացակայության պատճառը՝ միաժամանակ հավելելով, որ ինքը ցանկություն ունի հրաժարվել իր պաշտպանից:
Դատարանը պարզաբանեց, որ պաշտպանից հրաժարումը պետք է տեղի ունենա պաշտպանի ներկայությամբ, ուստի դատական նիստը չի կարող տեղի ունենալ: Երրորդ անգամ պաշտպանի անհարգելի բացակայության դեպքում դատարանը կանդրադառնա այդ հարցին:
Այսօրվա դատական նիստում ևս ամբաստանյալը դատարանի՝ դատական դահլիճ մուտք գործելու պահին ոտքի չկանգնեց:
Դատարանն ամբաստանյալին պարզաբանեց դատական նիստի կարգի մասին օրենքի դրույթը և այն խախտելու դեպքում՝ դատական սանկցիաները:
Ամբաստանյալը շարունակեց նստած մնալ նաև այն բանից հետո, երբ դատարանը պաշտպանի բացակայության հետ կապված հարց ուղղեց ու պատասխան ստացավ ամբաստանյալից:
Արդյունքում՝ ամբաստանյալը երկու անգամ նախազգուշացվեց:
