Հայկ Կյուրեղյանը իր ակցիան արեց
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ թողեց դատապարտված Հայկ Կյուրեղյանի վերաքննիչ բողոքի մասին որոշումը: Տեղեկացնենք, որ Հայկ Կյուրեղյանը պահանջում էր բեկանել բեկանել առաջին ատյանի՝ 9 տարվա ազատազրկման դատավճիռը: Դատապարտյալը օգտվելով խոսքի իրավունքից ասաց. «Անկախ նրանից, թե այս դատարաններն ինձ կարդարացնեն, թե չէ, ես գիտեմ, որ հասարակությունն ինձ հասկացել է, եւ գիտի՝ ինչի եմ այդ քայլին գնացել»,-ասաց դատապարտյալը: Նա դատարան էր եկել Կեցցե՛ այն Հայաստանը, որը վաղն է գալու» գրությամբ պաստառով:Կյուրեղյանը հրաժարվեց իրեն տրամադրված հանրային պաշտպանի ծառայություններից: «Միշտ ասել եմ ու հիմա նորից ասում եմ, իմ դեմ առաջադրած մեղադրանքը չեմ ընդունում, Հայաստանի դատարանները իրավական համակարգ չեմ համարում»,-ասաց Կյուրեղյանը: Հիշեցնենք, որ 2014թ. հունիսի 12-ին մեկնարկած Շանթ Հարությունյանի գործով դատական նիստից րոպեներ առաջ արտակարգ դեպք էր տեղի ունեցել դատարանի բակում։ 31-ամյա Հայկ Կյուրեղյանը կանգնել էր մեքենայի վրա՝ օդամղիչ ատրճանակը ձեռքին եւ կրակել ոստիկանների վրա՝ վիրավորելով նրանցից մի քանիսին։ Ոստիկանները նրան վնասազերծել եւ բերման էին ենթարկել։ Կյուրեղյանի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի՝ «խուլիգանություն զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ», եւ 316-րդ հոդվածի 4-րդ մասի՝«իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը» հատկանիշներով: Կյուրեղյանի հայրը՝ Արմենակ Կյուրեղյանն էլ մեզ հետ զրույցում ասաց. «Մենք այդպես էլ պատկերացնում էինք, այլ բան չէր էլ կարող լինել: Սա տղայիս կողմից յուրահատուկ ակցիա էր, որ կայացավ, մենք նպատակ չունեինք էլ այնպես անելու, որ մի քանի տարի նվազեցնեն պատիժը: մի քանի տարի այս կողմ այն կողմ որևէ բան չի փոխելու»,-ասաց նրա հայրը:
