Հայկական հուշադրամն արժանացել է առաջին մրցանակի «Աշխարհի լավագույն մետաղադրամը» անվանակարգում
Սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Իտալիայի Վիչենցա քաղաքում անց է կացվել հերթական՝ 10-րդ միջազգային դրամագիտական մրցույթը (Vicenza Numismatica): Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հեղինակավոր մրցույթին մասնակցել են մեծ թվով հանրաճանաչ դրամահատարաններ եւ էմիտենտ-կազմակերպություններ՝ ներկայացնելով 2012 թ. թողարկման հուշադրամները: Մրցույթի մրցանակները շնորհվել են երկու անվանակարգով`
1. «Աշխարհի լավագույն մետաղադրամը»,
2. «Լավագույն մետաղադրամը ճարտարապետական կառույցի պատկերով»:
Մրցույթում «Հայ գրքի տպագրության 500-ամյակ» հուշադրամը (Վարդան Վարդանյանի էսքիզների հեղինակությամբ) պատվով արժանացել է առաջին մրցանակի «Աշխարհի լավագույն մետաղադրամը» անվանակարգում:
Միջազգային հանձնաժողովը հատուկ գնահատել է «Հայ գրքի տպագրության 500-ամյակ» հուշադրամի դիմերեսի էսքիզի ժամանակակից եւ դարձերեսի էսքիզի դասական ոճերի յուրահատուկ համադրությունը: Հուշադրամի երկու կողմերը խորհրդանշորեն միավորում են անցյալն ու ներկան՝ արտացոլելով ոչ միայն հայկական առաջին գրքի՝ «Ուրբաթագրքի» տպագրության 500-ամյակը (տպագրվել է 1512 թ. Վենետիկում Հակոբ Մեղապարտի ջանքերով), այլեւ Հայաստանի ու իր մայրաքաղաք Երեւանի միջազգային մշակութային դերը: