Հայկական ջազի երեկո՝ Բուխարեստում
Հոկտեմբերի 17-ին Բուխարեստի Ռադիոյի սրահում ջազային կատարումներով հանդես եկավ տաղանդավոր ջազային դաշնակահար Տիգրան Համասյանը: Ջազային երեկոն կազմակերպել էր TwinArts պրոդյուսերական կենտրոնը` Ռումինիայում Հայաստանի դեսպանության աջակցությամբ: ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ համերգի ընթացքում հնչած կատարումների թվում էին Կոմիտասի ստեղծագործությունների յուրօրինակ ջազային մեկնաբանությունները, ինչպես նաև Տիգրան Համասյանի՝ հայրենի Գյումրիին նվիրված հեղինակային ստեղծագործությունը: Ի դեպ, նախորդ օրը Բուխարեստի ջազային ակումբներից մեկում հանդես էր եկել եւս մեկ հայազգի վարպետ` հանրահայտ ջազային դաշնակահար Հարրի Դավիդյանը, որը նույնպես իր ստեղծագործությունների մեջ լայնորեն օգտագործում է հայկական մոտիվները: