Հայկական վերածնունդը այսօրվա պայքարի գլխավոր դերակատարներից մեկն էր
Մեր զրուցակիցն է «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման մաս կազմող «Աշխատավորների շահերի պաշտպանության շարժում» ՀԿ նախագահ Կարեն Թումանյանը
-Պարոն Թումանյան, այսօրվա ՛՛համար 1՛՛ թեման Սարյան փողոցի վրա գտնվող ՀԾԿՀ շենքի մոտ անցկացված բողոքի ակցիան է: Դուք այնտեղ էիք և ինչպես մամուլում նշվեց՝ ամենաակտիվներից մեկն էիք: Դուք այնտեղ ներկայացել էիք որպես «Աշխատավորների շահերի պաշտպանության շարժում» ՀԿ-ի նախագա՞հ, թե՞ հանդես էիք գալիս «Հայկական վերածնունդ»-ի անունից:
-Իհարկե ես այնտեղ էի ՛՛Հայկական վերածննդի՛՛ առաքելության շրջանակներում: Ասեմ, որ օրեր առաջ տեղի ունեցավ այս միավորման հերթական նիստը, որտեղ բացի կառուցվածքային խնդիրներից քննարկվեցին նաև էլեկտրաէներգիայի հետ կապված հարցերը: Նիստի ընթացքում որոշում կայացվեց, որ «Հայկական վերածնունդ»-ը մինչև վերջ պայքարելու է էլեկրաէներգիայի թանկացման դեմ:
-Պարոն Թումանյան, եթե չեմ սխալվում, անցած տարի ամռանը ևս պայքարում էիք էլ.էներգիայի թանկացման դեմ: Նույնիսկ ՕԵԿ-ի կողմից կազմակերպված հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցաք և ասեցիք, որ այս հարցում սատարելու եք ՕԵԿ-ին: Փաստորեն ստացվում է, որ Դուք այն ժամանակ էլ էիք Արթուր Բաղդասարյանի կողքին, հիմա էլ. Ինչո՞վ է դա պայմանավորված:
-Շատ անգամ եմ ասել և չեմ զլանում նորից կրկնել. Արթուր Բաղդասարյանն այն եզակի քաղաքական գործիչներից է, ում հետևից, իրոք , պետք է գնալ, քանզի նրա քաղաքական փորձը, խնդիրներին հստակ լուծումներ տալու շնորհքը բազմիցս տվել են իրենց արդյունքները: Այո, Հայկական վերածննդի ստեղծման նախաձեռնությունը Արթուր Բաղդասարյանինն է , և ես չէի կարող նրա կողքին չլինել: Ամենաթողության և անպատժելիության մթնոլորոտի մեջ հայտնված Հայաստանում միայն վերածննդի գաղափարը կարող է ստեղծել մի միջավայր , որտեղ հնարավոր է հաղթահարել երկրի առջև ծառացած մարտահրավերները:
