Հայրենաճանաչության ամեն մի դաս շատ խորը հետք և խորհուրդ է թողնում
Հայրենաճանաչության ամեն մի դաս շատ խորը հետք և խորհուրդ է թողնում իմ հոգում: Կարծում եմ նույն զգացումով տուն են գնում նաև բոլոր ներկաները:


Այո, երեկվա, փետրվարի 6-ի դասը նվիրված էր Արցախյան ազատամարտի հերոս-հրամանատարներից Սիմոն Աչիքգյոզյանին: Արցախյան ազատամարտը հաղթեցինք, որովհետև ազգի նվիրյալները կամավոր, իրենց ոգեղեն ուժին ու հայրենիքի նկատմամբ ունեցած սիրուն վստահելով դուրս եկան ԽՍՀՄ-ի և մեր նենգ թշնամու դեմ: Մեր բանախոսներն էին ԱՐԱԲՈ ջոկատի հրամանատար՝ ՄԱՆՎԵԼ ԵՂԻԱԶԱՐՅԱՆՆ ու ջոկատի մարտիկներ՝ ՍՅՈՄԱՆ, ՌՈՄԱՆՆ ու ԿԱՐԵՆԸ/ԴՈՒՇՄԱՆՉԻԿ/:

ԱՐԱԲՈՅԻ ՄԱՆՎԵԼԸ պատմեց, թե ինչպես Սիմոն Աչիքգյոզյանը եկավ իրենց ջոկատ և համոզեց, որ ինքն էլ նրանցից մեկն է, ով կարող է պայքար մղել հայրենիքի ազատագրման համար: Տղաներից տարիքովն էր՝ 50 տարեկան, գիտաշխատող, դասախոս, քանի որ տարիքովն էր տղեքը նրան ԴԵԴ անվանեցին և այդպես էլ գնաց պատմություն: Մանվել Եղիազարյանը նշեց, քանի որ գրագետ խելացի մարդ էր, ասացի շատ օգտակար կարող է լինել իր գաղափարներով, մարտիկը որքան խիզախ լինի, այնքան էլ գրագետ պետք է լինի: Եվ, երբ Մարտունաշենում, 1991-ին, Մանվելը վիրավորվում է և նրան ուղղաթիռով տեղափոխում են Երևան, ջոկատը վստահում է ԴԵԴԻՆ, նշելով, որ դու տարիքով ես, ավելի խոհեմ և լրջամիտ կկազմակերպես մարտական գործողություները, տղեքը երիտասարդ են կտաքանան, սխալներ թույլ կտան: Հրամանատարը չէր սխալվել, նա կարողանում էր տղեքի կողքին լինել և ճիշտ կազմակերպել մարտական գործողությունները: Պատմելիս ուշադիր հետևում էի նրանց դեմքի ակոսներին, որոնք առաջացել էին ամեն մի մարտական ընկեր կամ հայրենիքի թիզ կորցնելիս, հետևում էի նրանց ոգևորող և թաղծոտ աչքերին , երբ խոսում էի զոհված ընկերոջ մասին: Դուշմանչիկը պատմեց, թե ինչպես է զոհվել Դեդը: Մարտունաշեում են եղել, թշամին մեծաքանակ զորքով հարձակում է գործել, որպեսզի տղաների ոգին չկոտրվի, սկսել է երգել և երգելով էլ հրահանգներ տվել թե ով որտեղ և ինչպես կասեցնի թշնամուն, ասում են շատ գեղեցիկ ձայն ուներ, ինքն էլ բարձրանում է այն տան տանիքին, որտեղ ջոկատով էին: Երգելով կրակել է տանիքից թշամուն շեղելու համար և վերևից տեղեկություն է տվել տղաներին, թե որտեղից ինչ զրահամեքեա կամ զորք է մոտեում, ով իչ պետք է անի: Դուշմանչիկը նշում է, որ թշնամին նկատել էր Դեդին և հարվածը չուշացավ ականը պայթեց հենց այդ տեղում: Ասում է այդ վիճակում էլ երգում էր, որ մենք չկոտրվենք, ձայնի ետևից գնացի և սարսափելի էր, խնդրեցի չշարժվի, որ նորից չկրակեն, մինչև աստիճան տանեմ իջեցնեմ, ցավոք չհասցրեցի, հետևեց 2-րդ հարվածը և մեր հրամանատրը զոհվեց: Մարմինը գրկեցինք, արագ տեղափոխվեցինք հաջորդ բակ և մեր ետևից հետևեց 3-րդ պայթյունը: Տղեքի դեմքին խոր թախիծ իջավ, լռեցին: Երբ շնորհակալություն հայտնեցինք իրենց ներկայության համար, պատմությունը ներկայացնելու համար, շատ տխրեցի ու մի բուռ դարձա, երբ հրամանատարն ասաց, որ իրենք են շնորհակալ հիշելու համար:
Հիշում ենք բոլորիդ և պետք է փոխանցենք բոլորիդ անունները սերնդե սերունդ: Տխրում եմ, մի տեսակ փակվում եմ ամեն դասից հետո, նույնիսկ մեկնաբանություներին էլ անդրադառնալիս: Շատ էի հուզվել Արաբո ջոկատի մարտիկ, անհայտ կորած համարվող Պողոս Լազյանի դստեր՝ Սիրաուշ Լազյանի, մեկնաբանությունը կարդալիս՝
Siranush Lazyan - Դեդի հոգեհանգստից հետո հայրս նրա նկարը մեր տուն է բերում եւ կախում պատից՝Աղբյուր Սերոբի,Սոսե մայրիկի ,Չաուշի և այլ ֆիդայինների կողքին։Հորս(Արաբոյի Պողոս) զոհվելուց հետո , ինձ թվում էր ,թե Դեդը պապիկս է եղել ,ուղղակի չէի հասկանում տիկին Վերոնիկայի(Սիմոնի կինը)մեզ հետ չապրելու իմաստը ...Երբ արդեն հասկացանք,որ պատերազմն ավարտվել է եւ հայրս ետ չի գալու , մայրս պատից հանեց ֆիդայինների նկարները ու կախեց հորս նկարը...Հորս դարակում խնամքով պահված են բոլոր նկարները,իսկ առավել ամուր՝հորս ուսուցչի ,բարի ու թաիւծոտ աչքերով մեր Դեդի նկարը։
ՄԱՆՈՒՇԱԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ
