Հայտնաբերվել է ոսկյա զարդերի խանութի վրա հարձակման մասնակիցներից ևս մեկը
Ոստիկանության լրատվական ծառայության տեղեկացմամբ՝ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 19:20-ին, կամավոր բաժին է ներկայացել նոյեմբերի 19-ին Ալավերդիում ոսկյա զարդերի խանութի վրա հարձակված հանցախմբի անդամներից մեկը՝ 1985թ. ծնված Սերիկ Հ.-ն:
Միաժամանակ ոստիկանությունից հիշեցնում են, որ նշված օրը՝ ժամը 16:55-ին, ոստիկանության Թումանյանի բաժին էր ահազանգել 1967թ. ծնված Գարեգին Հ.-ն և հայտնել է, որ դիմակավորված 3 անհայտ քաղաքացիներ հարձակվել են իրենց պատկանող խանութի վրա, ատրճանակի նմանվող իրով սպառնացել վաճառողուհուն և հափշտակել տարբեր տեսակի ոսկյա զարդեր:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը՝ ժամը 16:30-ի սահմաններում, ատրճանակներով զինված երեք դիմակավորված անձ Թումանյան փողոցում գտնվող, 1971 թ. ծնված Գայանե Գ.-ին պատկանող խանութից հափշտակել են ոսկյա զարդեր:
Նույն օրը՝ ժամը 23:45-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչության, Թումանյանի և Տարոնի բաժինների ծառայողները Ալավերդի քաղաքի Լենհանքեր թաղամասի ճանապարհին հայտնաբերել և ավազակային հարձակում կատարելու կասկածանքով ձերբակալել են 1992թ. ծնված Հովհաննես Մ.-ին և 1992թ. ծնված Անդրանիկ Մ.-ին: Նույն թաղամասում կատարված տեղանքի զննությամբ հայտնաբերվել և վերցվել էին 38 կտոր ոսկյա զարդեր:
