Հեշտ կլինի արդարացնել, եթե գործին միջամտի վարչապետը. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան
Ռոբերտ Քոչարյանի գործով պարզունակ իրավական անգրագիտություն է դրսեւորվել: Այս մասին այսօր՝ հուլիսի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը:
«Եթե այդքան ստվար զանգված նման ձեւով մոտեցել է հարցին, ընդ որում, թաքցրել է քրեական գործի նյութերի մի մասը եւ չի տրամադրում մեզ, խախտում է եվրոպական կոնվենցիայի սկզբունքը, ուրեմն դժվար է լինելու արդարացնել Ռոբերտ Քոչարյանին: Այնքան ակնհայտ փաստերը, արդարացնող ապացույցները ուղղակի առանց պատճառաբանությունների չեն ընդունվելու, մերժվելու են»,-ասաց նա:
Փաստաբանը նկատեց, որ մի դեպքում հնարավոր կլինի հեշտ արդարացնել Ռոբերտ Քոչարյանին. «Եթե այս գործընթացին միջամտի պարոն վարչապետը: Ճիշտ է, ինձ կասեն՝ իսկ ի՞նչ իրավունք ունի նա միջամտելու: Բայց նա կարող է հանձնարարել գլխավոր դատախազին՝ մի հատ մանրամասն նայեք, խնդրում եմ, իմ անունը հոլովվում է այստեղ: Եթե անի այդ բանը, գուցեեւ իրավիճակը հեշտանա:
Այդ դեպքում՝ շատ ավելի հեշտ կլինի արդարացնել»,-ասաց նա:
