Հետամուտ եմ լինելու քննիչների որակյալ ուսուցմանն ու վերապատրաստմանը. Աղվան Հովսեփյան
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր այցելել է ՀՀ Արդարադատության ակադեմիա, որտեղ 2015թ-ից կսկսեն ուսանել քննիչների հավակնորդները, վերապատրաստվել քննիչները:
ՀՀ արդարադատության ակադեմիայից տեղեկացնում են, որ ռեկտոր Ռուբեն Մելիքյանի ուղեկցությամբ Աղվան Հովսեփյանը շրջել է Ակադեմիայի շենքում, ծանոթացել պայմաններին, հետևել լսարաններում ընթացող դասերին:
Շրջայցից հետո անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում Ակադեմիայի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են կատարված աշխատանքները, առաջիկա ծրագրերը: Առանձնահատուկ շեշտադրում է կատարվել հեռավար ուսուցմանը, որի իրականացումը Ակադեմիայի առաջնահերթություններից է: Քննչական կոմիտեի նախագահը ևս համոզմունք է հայտնել, որ վերապատրաստում իրականացնելու լավագույն տարբերակը հեռաուսուցումն է՝ այդ համատեքստում հատուկ ընդգծելով քննիչների վերապատրաստումը:
Կարևորելով որակյալ մասնագետների դերը քննչական համակարգում՝ Աղվան Հովսեփյանը խոստացել է հետամուտ լինել քննիչների որակյալ ուսուցմանն ու վերապատրաստմանը:
Ռուբեն Մելիքյանը հույս հայտնեց, որ առաջիկայում Արդարադատության ակադեմիան և Քննչական կոմիտեն արդյունավետ կաշխատեն:
