Հետապնդումները շարունակվում են. Սյուզի Գեւորգյանը հրավիրվել է քննչական բաժին
«Նոր Հայաստան» շարժման համակիր Սյուզի Գեւորգյանին ծեծի ենթարկելու գործով նյութերն ուղարկվել են Քննչական կոմիտե: Այդ մասին մեր հարցին ի պատասխան այսօր հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից:
Սյուզի Գեւորգյանից տեղեկացանք, որ Քննչական կոմիտեում քրգործ է հարուցվել եւ վաղը 15:00-ին ինքը կանչվել է Արաբկիրի քննչական բաժին՝ տուժողի կարգավիճակում պատմելու իր հետ տեղի ունեցածը:
Մեզ հետ զրույցում Գեւորգյանը պնդեց, որ իր նկատմամբ հետապնդումները շարունակվում են: Հարցին, թե դրանք ի՞նչ կերպ են արտահայտվում՝ Գեւորգյանը պատասխանեց. «Տնից դուրս գալիս կամ խանութ գնալիս տեսնում եմ, որ ինչ-որ մարդիկ հետեւում են, հետո նստում մեքենան, գնում: Իսկապես ես էլ չեմ կարող հասկանալ՝ ինչի համար են հետապնդումները: Ինձ թվում է՝ դա անում են վախեցնելու համար, որ չշարունակեմ գործունեությունը, բայց ես ուզում եմ ընդգծել որ ոչ մի բան էլ չի ազդի իմ վրա, իմ պայքարը շարունակվում է»:
Հիշեցնենք, որ համաձայն «Նոր Հայաստան» շարժման հայտարարության՝ հունվարի 5-ին ժամը 19-ի սահմաններում միջին տարիքի երկու ամրակազմ տղամարդիկ դարանակալել են «Նոր Հայաստան» ճակատի աջակից, ռուսաստանաբնակ Սյուզի Գեւորգյանին, հետապնդել են նրան, այնուհետեւ՝ վրա հասնելով գետին են տապալել եւ ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել նրա գլխին, դեմքին եւ մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Երիտասարդ աղջնակի վրա հարձակվողները հեռացել են միայն այն ժամանակ, երբ նրա օգնության կանչերի վրա մարդիկ սկսել են մոտենալ: Հարվածներ հասցնելու ժամանակ հարձակվողներն ասել են, թե քեզ ասացինք, որ հեռու մնաս, ինչու չլսեցիր: Սյուզի Գևորգյանն այն արտերկրաբնակ երիտասարդներից մեկն է, որ Հայաստան է ժամանել սահմանադրական հանրաքվեի ընթացքում «Ոչ»-ին աջակցելու համար եւ շարունակում է պայքարը հանրաքվեի արդյունքների կեղծման դեմ:
