Հետախուզվողներ են հայտնաբերվել
Ոստիկանության պաշտոնական կայք-էջը տեղեկացնում է, որ հայտնաբերվել են հետախուզվողներ՝ տարբեր մեղադրանքներով:
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ նոյեմբերի 13-ին, ժամը 02.00-ին, Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 26 շենքի բակից բերման է ենթարկվել 1986 թ. ծնված Ռուբեն Ա.-ն, որը 2013 թ. փետրվարի 22-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր դատարանի կողմից սահմանված պատժի կրումից /տուգանք 200.000 դրամ/ խուսափելու համար:
Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ իրավապահ մարմիններին նախապես տեղեկացնելով կամավոր ՀՀ վերադառնալու մասին՝ նոյեմբերի 12-ին, ժամը 09.55-ին, Դոնի-Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռով «Զվարթնոց» օդանավակայան է ժամանել 1939 թ. ծնված Վարդգես Գ.-ն, որը 2013 թ. դեկտեմբերի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
Վարդգես Գ.-ն նոյեմբերի 12-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների կողմից տեղափոխվել է բաժին:
Նոյեմբերի 7-ին, ժամը 07.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին է ներկայացել 1986 թ. ծնված Կնյազ Ք.-ն, որը սեպտեմբերի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի /ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը/ 4-րդ մասի մեղադրանքով:
Նոյեմբերի 12-ին, ժամը 11.45-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին է ներկայացել 1971 թ. ծնված Սամսոն Ղ.-ն, որը սեպտեմբերի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի /թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի/ 2-րդ մասի մեղադրանքով:
