ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Լեհաստանի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկիին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
ՀՀ ԱԺ նախագահը, բարձր գնահատելով դեսպանի գործունեությունը Հայաստանում, նշել է, որ նրա աշխատանքի շնորհիվ վերջին տարիներին դրական տեղաշարժեր են արձանագրվել հայ-լեհական հարաբերություններում, ամրապնդվել են մշակութային,
տնտեսական կապերը եւ բարեկամությունը:
Գալուստ Սահակյանը կարեւորել է միջազգային հարթակներում հայկական եւ լեհական պատվիրակությունների աջակցությունը միմյանց եւ արդյունավետ համագործակցությունը Արեւելյան գործընկերության շրջանակներում:
Անդրադառնալով տարածաշրջանային վերջին զարգացումներին՝ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ չնայած ԵԱՀԿ անդամ երկրների խաղաղարար գործունեությանը՝ ժամանակն է ավելի կոնկրետ քայլեր ձեռնարկելու:
ՀՀ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ դիվանագիտական առաքելության ավարտով չի վերջանա պարոն Ռաչինսկու բարեկամությունը հայ ժողովրդի եւ հայ քաղաքական գործիչների հետ:
Զդիսլավ Ռաչինսկին, շնորհակություն հայտնելով ջերմ ընդունելության եւ տարիներ տեւած արդյունավետ համագործակցության համար, նշել է, որ երկու պետությունների միջեւ ձեւավորվել է բարձր մակարդակի երկխոսություն: Նա կարեւորել է պետությունների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը եւ պաշտոնական փոխայցերը:
Դեսպանի կարծիքով՝ երկու երկրների խորհրդարանները կարող են իրենց ներդրումն ունենալ հարաբերությունների սերտացման գործում:
Զդիսլավ Ռաչինսկին նշել է, որ դիվանագիտական առաքելության ավարտից հետո էլ մնալու է հայ ժողովրդի մեծ բարեկամը եւ իր գործունեությամբ նպաստելու է հայ-լեհական բարեկամության ու համագործակցության սերտացմանը:
