ՀՀ արդարադատության նախարարն աշխատանքային այցով եղել է Տավուշում
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը դեկտեմբերի 19-ին աշխատանքային այցով Տավուշի մարզում էր: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Մարզպետարանում նախարարն ընդունել է քաղաքացիների: Նրանք հիմնականում ներկայացրել են իրավական, կենցաղային, սոցիալական բնույթի խնդիրներ: Լսելով քաղաքացիներին՝ նախարարը հանձնարարել է իր ենթականերին նախարարության լիազորությունների շրջանակում լուծումներ գտնել բարձրացված հարցերի վերաբերյալ:
ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ներկայացուցիչները նաև իրավական խորհրդատվություն են տրամադրել:
Այնուհետև նախարարն այցելել է Տավուշի մարզի ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման, Այլընտրանքային պատիժների կատարման ծառայությունների, քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժիններ և նոտարական գրասենյակ:
Հովհաննես Մանուկյանը ծանոթացել է ՀՀ արդարադատության համակարգի աշխատակիցների աշխատանքային պայմաններին, ստուգել քաղաքացիների սպասարկման համար նախատեսված իրազեկող նյութերի առկայությունը, լսել բարձրաձայնած հարցերը:
Նախարարը մոտեցել և զրուցել է նաև քաղաքացիների հետ, հետաքրքրվել համակարգի վերաբերյալ նրանց կարծիքներով՝ հորդորելով չթաքցնել դժգոհությունները: Քաղաքացիները ներկայացրել են մի շարք հարցեր՝ խնդրելով, հնարավորության դեպքում, նպաստել փաստաթղթաշրջանառության դյուրացմանը:
Հանձնարարականներ տալով համակարգի մարզային ստորաբաժանումների ղեկավարներին՝ նախարարը քաղաքացիներին խոստացել է սեղմ ժամկետներում ուսումնասիրել նրանց խնդրանքները:
