ՀՀ պաշտպանության նախարարությունում ամփոփվել են տարվա ընթացքում կատարված աշխատանքները
Դեկտեմբերի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է կենտրոնական ապարատի ղեկավար կազմի տարեվերջյան ամփոփիչ խորհրդակցություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Հեռահաղորդակցության միջոցների և տեսակապի շնորհիվ խորհրդակցությանը ներգրավված էր նաև բանակային զորամիավորումների հրամկազմը և, հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության շրջանակում, Պաշտպանության բանակի ղեկավար կազմը:
Տարեվերջյան ամփոփիչ խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի, գլխավոր շտաբի պետի տեղակալները, վարչությունների պետեր, բարձրաստիճան այլ զինվորականներ և քաղաքացիական հատուկ ծառայողներ:
Բացելով խորհրդակցությունը` պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների նախաշեմին, ինչպես նաև տոնական և հետտոնական օրերին պետք է առավել կենտրոնացնել ջանքերը, պատճաշ և բարձր մակարդակով իրականացնել բոլոր միջոցառումները` հակառակորդի սադրանքներից ու ոտնձգություններից զերծ մնալու համար:
Խորհրդակցության ընթացքում ենթակա զորամասերում անցկացված ամփոփիչ ստուգումների նախնական արդյունքների, Ամանորի և Սուրբ Ծննդի տոնական միջոցառումների նախապատրաստական աշխատանքների մասին տեսակապի միջոցով հաշվետու զեկույցներով հանդես եկան բանակային զորամիավորումների հրամանատարները: Ներկայացվեցին առաջնագծում և մշտական տեղակայման վայրերում զգոնության բարձրացմանն ուղղված միջոցառումները, ուսումնական հաջորդ տարվա նախապատրաստական փուլի աշխատանքների պլանավորման առանցքային հարցերը:
Տարվա ընթացքում կատարված աշխատանքների և առկա խնդիրների վերաբերյալ զեկույցներով հանդես եկան նաև ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ մի շարք վարչությունների պետեր, ովքեր ընդգծեցին, որ ուսումնական տարվա շրջանակում պլանային կարգով շարունակվել են մարտական և զորահավաքային պատրաստականության, զորքերի մարտական պատրաստության, զինվորական կարգապահության բարձրացմանը նպատակաուղղված աշխատանքները:
