ՀՀ ՏԿԱԻ նախարարը շնորհավորել է ՀՀ դատախազության աշխատակիցներին.
Հուլիսի 1-ին ՀՀ գլխավոր դատախազության նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ՝ նվիրված դատախազության աշխատողի օրվան և դատախազության 97-րդ տարեդարձին: Նիստին մասնակցում էին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ Կառավարությանն առընթեր ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը, ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանը, ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը և այլ պաշտոնատար անձինք:
2003 թ. ՀՀ կառավարության որոշմամբ հուլիսի 1-ը հայտարարվել է դատախազության աշխատողի օր: Տոնը բացառիկ հնարավորություն է` գնահատելու դատախազության անցած ուղին, ձևավորման փուլերը, նվաճումները և բացթողումները, միևնույն ժամանակ մատնանշելու այն խնդիրները, որոնք պետք է լուծվեն:
Դատախազության աշխատողի օրվա առթիվ ՀՀ Նախագահի ուղերձն ընթերցեց ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վ. Սարգսյանը: Ուղերձում մասնավորապես նշված էր. «Հարգելի դատախազներ, Դատախազության հարգելի աշխատակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ: ՀՀ դատախազությունը երկար ճանապարհ է անցել և այսօր էլ ընթանում է զարգացման ճանապարհով: Գոհունակությամբ պետք է նկատել, որ դուք պատշաճ կերպով կատարում եք ձեր առջև դրված խնդիրները, որոնք ուղղված են երկրում օրենքի գերակայության, մարդու իրավունքների և ժողովրդավարության ամրապնդմանը»:
Իր ելույթում ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը, նախարարության անձնակազմի և իր անունից, շնորհավորեց դատախազության համակարգի աշխատակիցներին մասնագիտական տոնի և համակարգի ձևավորման 97-րդ տարելիցի կապակցությամբ` մաղթելով նորանոր հաջողություններ հանրապետությունում օրենքի գերակայության ամրապնդման դժվարին աշխատանքում.
- Ողջունում եմ դատախազության բոլոր աշխատակիցների բարեխիղճ և նվիրված աշխատանքը: Մեր գերատեսչությունների միջև ձևավորված համագործակցությունը հասել է բարձր մակարդակի, և կարծում եմ` այն միտում ունի էլ ավելի խորանալու, - նշեց Ա. Երիցյանը:
Հանդիսավոր նիստին ՀՀ ՏԿԱԻ նախարար Ա. Երիցյանը դատախազության չորս աշխատակիցների պարգևատրեց «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով:
ՀՀ ԱԺ նախագահի, վարչապետի, պաշտպանության նախարարի, ԱԱԾ տնօրենի, ոստիկանության պետի, ՀՔԾ պետի և մյուս պաշտոնյաների կողմից ՀՀ գլխավոր դատախազին և համակարգի մի խումբ աշխատակիցների շնորհվեցին գերատեսչական մեդալներ, պարգևներ և հուշանվերներ: ՀՀ գլխավոր դատախազը պարգևներ և շնորհակալագրեր հանձնեց դատախազության համակարգի մի շարք աշխատակիցների:
Հանդիսավոր նիստի ավարտին ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը շնորհակալություն հայտնեց պետական այրերին` մասնավորապես ասելով.
-Շնորհակալ եմ բոլոր դատախազներից և դատախազական անձնակազմից ամբողջ ներուժով աշխատելու համար: Վստահ եմ, որ հաջորդ տարիների ընթացքում կարձանագրենք նոր ձեռքբերումներ: Մեզանից յուրաքանչյուրի խրախուսումը նշանակում է, որ համակարգը լավ է աշխատում, իսկ մեզանից մեկի բացասական աշխատանքը մեխանիկորեն անդրադառնում է ողջ համակարգի վրա: Մենք բոլորս կոչված ենք ապահովելու օրինականությունն ու արդարությունը, և դա մեր գործունեության հիմնական անշեղ սկզբունքն է, - եզրափակեց Գ. Կոստանյանը:
