ՀՀԿ-ն դեռ չի՞ ընտրել իր «ֆավորիտ»-ին
Hraparak.am-ը գրում է .
Մինչ իշխանական եւ ոչ իշխանական կուսակցությունների առանցքային դեմքերը հմտորեն խուսանավում են՝ չփորձելով բացել ընտրացուցակների, հնարավոր դաշինքների հետ կապված իրենց խաղաքարտերը, կուսակցությունների խոհանոցային ինտրիգները տեղ են գտնում մամուլի էջերում։ Իսկ ի՞նչ է մնում անել կուսակցական բոսերին նման դեպքերում․ համառորեն հերքե՛լ, հերքե՛լ, հերքե՛լ բոլոր լուրերը մինչեւ վերջ։ Լրագրողական բոլոր հարցումներին նրանք «դիվանագիտորեն» պատասխանում են, որ ամեն ինչ իրենց մոտ հարթ է, ոչ մի հակասություն էլ չկա, մարդիկ հաշտ ու խաղաղ պատրաստվում են ընտրություններին։ Եվ սա նույնիսկ այն դեպքերում, երբ իշխող կուսակցությունում կան պատկառելի թվով կին քաղաքական գործիչներ՝ յուրաքանչյուրն իր անձնական մեծ ու փոքր հավակնություններով։ Եվ հինգ տարի, իսկ ոմանց դեպքում՝ շատ ավելի տարիներ ԱԺ պատգամավորի կարգավիճակն ունեցող «փափկասուն կանանց» համար դժվար է հրաժարվել եւս հինգ տարի ԱԺ պատգամավոր լինելու հեռանկարից։
Մամուլում գրվել է արդեն, որ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը դարձել է բարձրագույն իշխանավորների «ֆավորիտը» եւ գալիք ԱԺ ընտրություններում կարող է տեղ գրավել համամասնական ցուցակի «յուղոտ» հորիզոնականներից մեկում։ Գրվել է նաեւ, որ Արփինե Հովհաննիսյանի այսօրինակ առաջխաղացումը լուրջ դժգոհություններ է առաջացրել ՀՀԿ-ական վաստակավոր կանանց շրջանում։
«Տարբեր մարդիկ տարբեր կարծիքներ են հայտնում, Դուք էլ տիրաժավորում եք։ Ես չեմ ուզում քննրակել, ուրիշների կարծիքները չեմ ուզում մեկնաբանել։ Երբ կքննարկենք, կլսենք առաջարկությունները, մեր տարածքային կազմակերպություններում կձեւավորվեն ցուցակները, տեղյակ կպահենք սիրով։ Աշխատանքներն ընթանում են, մենք դեռ նմանատիպ քննարկում չենք արել։ Մնացածը, թե ով ինչ է ասում՝ ժողովրդական բանահյուսության շարքից են, ոչ ավելին։ Ներկուսակցական հակասություններ չկան ՀՀԿ-ում, չեն էլ լինելու»,- ՀՀԿ-ական կանանց հակասությունների մասին մեր հարցին այսպիսի ստանդարտ պատասխան տվեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը։
