ՀՀԿ-Ն ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Fnews.am-ի տեղեկություններով, այսօր ՀՀԿ ընտրական շտաբի ղեկավար Հովիկ Աբրահամյանը հրատապ կարգով նիստ է հրավիրել ՀՀԿ գլխավոր գրասենյակում, որին ներկա են լինելու միայն մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորները: Ինչպես եւ սպասվում է, հանդիպման գլխավոր թեման՝ հանրաքվեի քարոզարշավը հավուր պատշաճի կազմակերպելն է, ինչն առանց մեծամասնական պատգամավորների ունեցած ռեսուրսի բնական է, որ խիստ դժվար կլինի: Այսօր էլ, խորհրդարանում բազում պատգամավորներ խիստ մտահոգված էին այդ խնդրով, եւ այն կարծիքին էին, որ Սահմանադրական բարեփոխումները պատշաճ մակարդակով անցկացնելու համար պետք է ամենայն լրջությամբ լծվեն այդ գործին, քանի որ երկիրն իրականում տնտեսական լուրջ խնդիրների առաջ է կանգնած, որի պարագայում փոքր-ինչ դժվար կլինի ընտրողներին «այո»-ի դաշտ բերելը: Պատգամավորներից մեկը նույնիսկ կատակեց, թե անցել են էն բարի ժամանկները, երբ մեծամասնականի տղերքը թոզ փչելով փորձում էին ձայն հավաքել:
