Հիմա դուք բեռն ե ՞ք լինելու, թե ՞ բեռ կրողը, պարո՛ն գեներալ…
Գայանե Զարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Հայաստանը դեռեւս շարունակում է հետընտրական կոլապսի մեջ մնալ: Ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո նորություններն ու նոր իրավիճակներն այնքան շատ էին, ու ինչ-որ տեղ էլ անսպասելի, որ հանրությունը դեռեւս չի հասցրել ամբողջությամբ ընկալել ու մարսել դրանք: Տեղի ունեցածից ու ընտրական զարկի հարվածներից ուշքի չեն գալիս նաեւ սիրողական մակարդակի քաղաքական այն ուժերը, որոնց նպատակը ոչ այլ ինչ էր՝ քան վրեժխնդրության ծարավ, ինչն այդպես էլ անհագուրդ մնաց…
Ցանկացած ընտրական կամպանիայի ժամանակ, քաղաքացիական հասարակությունը սրտատրոփ սպասում է, թե ինչ վարքաբանությամբ աչքի կըկնեն քաղաքական «իգրոկները »: Այնինչ, այս անգամ քաղաքական վարքն այնքան անհասկանալի էր ու խճճված, որ քաղաքացիական հասարակությունը ավելի շատ պասիվություն՝քան ակտիվություն դրսեւորեց:
Հասարակությունը մի շնչով սպասեց ու այդպես էլ չստացավ այն հարցերի պատասխանները, թե օրինակ որտեղ էին թաղված կոռուպցիայի երկար ու մեծ ականջները, որտեղ էին վերջապես թաքնված իսկակական կոռուպցիոներները, թե ինչպես նորից կրիմինալի հետ սերտաճած հաստավիզ օլիգարխիկները կրկին բուսնեցին խորհրդարանում, եւ այլն:
Եւ վերջապես հասարակությունը չհասկացավ, թե երբ եւ որտեղից է սկսվելու անվտանգ Հայաստանի ապահովումը, երբ իրար հաջորդող դանակահարությունների, հաշիվներ մաքրելու, իրար գլուխ ջարդելու շքերթը շարունակվեց եւ դեռ շարունակվում է, իսկ շքերթի դերակատարներն էլ՝ոնց որ թե մնում են անպատիժ…
Դե իսկ «Կոռուպցիայի դեմ իշխանությունների հետեւողական եւ անզիջում պայքարը»-ի արդյունքները երեւի շուտով իրենց տեղը կգտնեն Գինեսի գրքում, որտեղից հնարավոր կլինի ներբեռնել այդ արդյունքների ողջ պատկերը:
Կրիմինալ ռազբորկաների առատություն էր…
Որքան էլ որ զարմանալի էր, համենայնդեպս փաստ էր, որ ծեծուջարդի ու կրիմինալ ռազբորկաների առատության առումով խորհրդարանական ընտրությունների քարոզարշավն աննախադեպ էր: Հենց այս ընտրարշավի շրջանակներում ռեկորդ սահմանվեց կենցաղային հողի վրա արձանագրված բախումների առումով.նախ նման պատկեր ունեցանք Մասիս քաղաքում, ուր (ինչպես ասում էին) սոցիալական հողի վրա բռնկված կրքերը ավարտվեցին դանակահարությամբ: Հետագայում այդ կրակը հասավ Ջրառատ համայնք՝այս դեպքում արդեն հրազենի կիրառում, կրակոցներ, դանակահարություններ ու բազմաթիվ վիրավորներ:
Աջափնյակում ՖԱԶ-ի «ֆազերը երեւի խփել էին»…
Իսկ հետո Աջափնյակ համայքնում լուրջ բախում եւ ծեծկռտուք եղավ ՀՀԿ-ի ու Ծառուկյան դաշինքի թեկնածուների կողմնակիցների միջև, (բնականաբար կենցաղային հողի վրա), որի ժամանակ էլ իր բազկի ուժը ցույց տվեց Աջափնյակի աֆտատրիտետ՝ Ֆազ մականունով հայտնի Սերգեյ Գրիգորյանը, որի «ֆազերը երեւի խփել էին» չգիտես ինչու՝ նախընտրական եռուզեռի ամենաթեժ օրերին:
Առհասարակ, նմանատիպ ռազբորկաների պատճառը լինում է այն, որ կուսակցություններից կամ թեկնածուներից մեկի համար աշխատող թաղային աֆտարիտետը ինչ-ինչ պայմաններում փոխում է ճամաբարը, եւ սկսում է ձայն բերող աշխատել մեկ այլ թեկնածուի համար:
Ու սարսափելին այն է, որ յուրաքանչյուր ընտրությունից հետո, շատ ու շատ նմանատիպ աֆտարիտետներ այն աստիճան են իրենց ֆազը գցում, որ սկսում են պարծենալ, թե ինչ հնարքներով ու աճպարարությամբ կարողացան ձայներ հավաքել ու թվեր ցույց տալ, «կայֆավատ» լինելով, որ իրենց խելքին փչածն արեցին ու դեռ մի բան էլ մնացին անպատիժ:
Իսկ որ առավել զավեշտալի է , սրանց BOSS-երն էլ հեշտությամբ ուտում են այդ «ցարական կտերն» ու նորից խրախուսում իրենց կողմից վարժեցրածներին՝չգիտակցելով որ այդ աստիճան նրանց սանձերը բաց թողնելով՝ իրական սպառնալիք ու չարիք են պատրաստում այն նույն հասարակության գլխին, որից մի որոշ ժամանակ հետո, սկսելու են էլի քվե մուրալ ու խնդրել, որ իրենց պես ազգափրկիչներին դարձյալ ընտրել է պետք:
Միթե պալատական իշխանիկները չեն կռահում եւ չեն ուզում հասկանալ, որ հատկապես հաբռգած ու հղփացած աֆտարիտետները վերջին հաշվով սկսում են իրենց «վզին նստել» ու տարիներ շարունակ «ստացողի» դերում լինել …Թե Ձեզ «դզում ա» ա՝անընդհատ կրիմինալին պարտք մնալ…
«Զապադլո» է իրական հանցագործներին ու օրենքից իրենց վեր դասողներին ճիշտ հասցեով ճանապարհելը…
Ոչինչ պատահական չէ, քանի որ Հայաստանի հիերարխիան ըստ էության կրիմինալոտ է, եւ նրանց համար հավանաբար «զապադլո» է իրական հանցագործներին ու օրենքից իրենց վեր դասողներին ճիշտ հասցեով ճանապարհելը: Այդ բացթողումների պատճառով է, որ գերիշխող է դարձել այն տեսակետը, որ Հայաստանում պատժամիջոցների համակարգ երբևէ չի եղել:Ընդհակառակը՝ եղել է յուրայիններին թողտվության և ուրիշներին պատժելու համակարգ: Դրա համար, քաղաքական խառնուրդի այդ ներկայացուցիչները, ովքեր ժողովրդի քրտինքը ուտելով շարունակում են հարստություն դիզել, ու օֆշորագետներ դառնալ, երբեւէ չեն պատասխանի սոցիալական արդարության և անհավասարության խնդրին վերաբերող որևէ հարցի:Դա է պատճառը, որ նույն օլիգարխիան՝ բացառությամբ հատուկենտ քաղաքական դեմքերից, իր ներկայությամբ ու իր խայտառակ ձեռագրով դարձյալ կդիմազարկի խորհրդարանը:
Ցանկացած երկրի խորհրդարանի դեմքը պատգամավորն է` իր կրթական, մասնագիտական, քաղաքական ու մարդկային որակներով: Այնինչ՝ օլիգարխիկ կլանը, կրկեսային քաղաքականությունը, և բուտաֆորիկ իրավիճակը կրկին տեղ գտան քաղաքական ործընթացներում՝մականունավորների ու կրիմինալին ծափ տվող տիպաժների ներկայության շնորհիվ:
Ակնհայտ է, որ քուչի տղերքի տրամաբանությամբ առաջնորդվողները քաղաքականության հետ ոչ կապ ոչ ունենալ չեն կարող:Քաղաքականությունը ի վերջո գաղափարախոսությունների, ռազմավարական և մարտավարական ծրագրերի պայքար է։
Իսկ եթե խորհրդարանը սրանց նմանների համար զուտ մանդատ ձեռք գցելու ու ժամանակ գլորելու վայր է դառնում, ապա էլ ինչ գաղափար կամ սկզբունք պաշտպանելու մասին կարող է խոսք գնալ: Ինչպես օրինակ, շատերն են մինչ օրս շոկ ապրում եւ ուզում ստանալ այն հարցի պատասխանը, թե ինչպես կարող էր Օվշորային սկանդալներում անուն հանած ԴԱՀԿ նախկին պետ, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը՝հայտնի Բանանի Միհրանը, կրկին քաղաքական արենա դուրս գալ: Շատերն էին վստահ, որ օֆշորի սկանդալով պայմանավորված՝ (չնայած գեներալի կողմից հնչեցրած բազում հերքման տեքստերի) Միհրանը պետք է որ առնվազն փակեր իր կարիերայի էջն ու անցներ առաջ, մինչդեռ նրան նորից շանս տրվեց:
Ռոմանտիկ ու Պոետիկ գեներալը
Բայց մի հարցում Միհրանն ինքն իրեն ու ՀՀ-ի ընդդիմադիր ամբիոնը նվաճածներին գերազանցեց, ու իր իսկ կազմակերպած քարոզարշավի վերջին պահերին, այսպես խոսեց.
«Պետք ա ընդամենը նայել՝ ով ի՞նչ ա արել իրա կյանքում, ով ինչի՞ ա հասել իրա կյանքում, ով իր ճանապարհն ինքն ա՞ հարթել, ում համար ճանապարհ են հարթել եւ դրել են որոշակի տեղ, որ ինքը ապրի էդտեղ։ Ով ունի հետագիծ, ով ունի անցած ճանապարհ, ով ունի փորձ պետական կառավարման ոլորտում, ով ունի փորձ՝ բիզնեսի կառավարման ոլորտում, կարճ ասած՝ ով իրենից ինչ ա՞ ներկայացնում, ինքը ինքն է, թե ինքը ինչ-որ մեկինն է։ Ում մեջ կայծ եք տեսնում, էդ մարդուն էլ ձեր ձայնը տվեք։ Ով որ սառած ա, դրածո ա, պետք չի ձայն տալ, հերիք ա արդեն ժամանակավոր մարդկանց փորձեք դարձնել վերին ատյանների մարդ, չկան-չկան։ Ժողովուրդ, եթե մարդ իրանից բան չի ներկայացնում, ինչքան էլ ուզում ես հետեւից բրդի, ինքը առաջ չի կարողանալու գնալ։ Պետք են մարդիկ, որոնք քաշում են, պետք չեն մարդիկ, ում որ քաշում են կամ բրդում են առաջ։ Դրա համար խնդրում եմ՝ ապրիլի 2-ին լուրջ վերաբերվեք, ապրիլի 2-ին մեր բալիկների համար ձայն տվեք»։ Իսկ որ ամենացնցողն էր. երեւի գրականության ծարավից դրդված, (այդ նշանավոր օրը) Քեթրինի Միհրանը ցիտեց հայ ականավոր բանաստեղծ, գրականագետ Պարույր Սեւակի խոսքերը. «Մարդ կա ՝ ելել է շալակն աշխարհի, Մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում»…
Հիմա ի՞նչ. «Սելը ճռռալու փոխարեն, սելվորն է՞ ճռռում »:
Սա արդեն դարի հայտնությունն էր.պոետիկ, արտիստիկ Միհրան Պողոսյան, իրոք չէինք տեսել: Հետաքրքիր է, ԱԺ-ում նեղն ընկնելիս ո՞ւմ է հիշելու, եւ ի՞նչ դարակազմիկ մտքեր է հնչեցնելու Մեծն գեներալ Միհրանը:
Այստեղ էն ասել. «Ինչ ռոմանտիկն ու պոետիկն ես Միհրա՛ն, աշխարհը չունի քեզ նման»…
Ախր մեկը չկա՝ Ձեր նմաններին ասի. «Դուք նախ մարդկանց շալակից իջե’ք, նոր բարձրանալուց խոսեք»…
Եւ վերջապես. «Հիմա դուք բե՞ռն եք լինելու, թե՞ բեռ կրողը, պարո’ն գեներալ, եւ պատգամավոր»…
Հ.Գ
Թե դեռ ինչ «մարտիրոսներ» կծնվեն հայոց խորհրդարանում՝հանուն փառքի ու հանուն սեփական կապիտալի պահպանման, իսկապես դժվար է կանխատեսել: Տո Քուչակ էլ նրանք կարտասանեն, Դուրյան ու Տերյան էլ, միայն թե իշխանական կերակրատաշտից հեռու չգնան:
