Հիմա էլ Կուտոյանը՝ ԱԱԾ պե՞տ
Hraparak.am-ը գրում է .
Այսօր՝ փետրվարի 11-ին, լրանում է ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի պաշտոնավարման ժամկետը: Մեր տեղեկություններով՝ այդ պաշտոնին կնշանակվի ՀՀ նախագահի նախկին օգնական, ընդամենը մեկ շաբաթ առաջ Գլխավոր դատախազի տեղակալ նշանակված Գեորգի Կուտոյանը, իսկ Գորիկ Հակոբյանը կմնա ԱԱԾ-ում որպես ՀՀ նախագահի ներկայացուցիչ:
Տեւական ժամանակ է՝ Բաղրամյան 26-ում քննարկվում էր, թե ինչպես են լուծելու իրավական ոլորտի «ասիչների» խնդիրը, մասնավորապես՝ Գորիկ Հակոբյանի տեղում հարմար մարդ չէին գտնում, մեծ էր ցանկությոնը ազատվելու նաեւ Վճռաբեկ դատարանի նախագահ Արմեն Մկրտումյանից:
Եւ ահա այդ քննարկումների արդյունքում դիտարկվել են ամենատարբեր թեկնածուները, ամենատարբեր միջոցները պաշտոնները համալրելու: Հենց սկզբից Գեորգի Կուտոյանին ԱԱԾ պետ նշանակելու տարբերակը քննարկվել է, սակայն այն կարծես «փոզմիշ» եղավ, քանի որ որոշեցին, որ նա դեռ պատրաստ չէ ԱԱԾ տնօրենի պաշտոնի նշանակմանը: Երկարատեւ ու լուրջ քննարկումներից հետո էլ Կուտոյանին նշանակեցին դատախազի տեղակալ հեռահար նպատակներով: Որոշվել էր, որ ընդամենը մի քանի ամիս անց Գեորգի Կուտոյանը կնշանակվի Գլխավոր դատախազ, իսկ Գեւորգ Կոստանյանին կտանեն Վճռաբեկ դատարանի նախագահ: Ինչ վերաբերում է ԱԱԾ-ին, ապա այդտեղ ցանկանում էին նշանակել ժամանակավոր մեկին մինչեւ Բակո Սահակյանի ԼՂՀ նախագահի պաշտոնում լիազորությունների ավարտը:
Սակայն երեկ որոշում է փոխվել, որի արդյունքում էլ Կուտոյանը կնշանակվի ԱԱԾ պետ: Այն, որ Կուտոյանի դատախազությունում մնալը պետք է լիներ երկարաժամկետ ու վերջին որոշումը անակնկալ էր, փաստ է, քանի որ վերջինիս համար դատախազությունում արդեն համապատասխան հարմարավետ սենյակ էին առանձնացրել եւ այլ պատրաստություններ տեսել՝ իրենց ապագա դատախազին հավուր պատշաճի «ծառայելու» համար:
