Հնարավոր է՝ հերթական պատերազմը կազմակերպվի
Ապրիլի 2-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեն զարմացրել քաղաքագետ Արա Պապյանին: Նրա կարծիքով՝ սա ոչ թե պարտադրվեց ժողովրդին, այլ առան նրան:
«Ու հիմա, եթե սկսեն բողոքել, թե վատ են ապրում, կասեմ՝ սա քո ընտրությունն է, ոչ թե իմը: Ա’յ, որ իշխանության մերձավորները Թուրքիայից լոլիկ են ներմուծում, վերաձևակերպում, արտահանում են Ռուսաստան ու խփում են այստեղի լոլիկ արտադրողի գործին, թող գնա գյուղացին մտածի դրա մասին, որ 5000 դրամով ծախվում է: Ասում են՝ մեր գյուղի տղեն է, ու ընտրում են: Հա, դե գնա՛, քո գյուղի տղեն քեզ հաց է տալո՞ւ: Կամ, թե քո երեխեքն են բանակ գնալու, որտեղից զենքն ու վառելիքը գողացվում է: Մտածե՛ք դրա մասին: Շատերին թվում է, թե իրենք պետք է մեկին աջակցեն, ուրիշներն էլ գնան իրենց համար «դոշ» տան: Նման բան չի լինում»,—Asekose.am—ի թղթակցի հետ զրույցում ասաց Արա Պապյանը՝ ցավով նշելով, որ այսօր ժողովրդի պայքարի միակ ձևը արտագաղթն է:
«Մարդ գիտեմ՝ այստեղ շատ բարձր աշխատավարձ էր ստանում, բայց հեռացավ երկրից՝ ասելով որ իրեն էշի տեղ են դնում»,-հայտնեց քաղաքագետը:
Ինչ վերաբերում է ընդդիմության պարտության պատճառներին՝ նկատեց.
«Դա առաջին հերթին գալիս էր Ընտրական օրենսգրքից: Ռեյտինգային համակարգով չի կարող որևէ ընդդիմություն հաղթել: Սա սարքած է ամենաշատ փող ու իշխանություն ունեցողի համար: Մարդը գնում փող է ծախսում, քարոզչություն է անում, բայց ուրիշի համար է ձայն բերում: Այս ԸՕ-ն ՀՀԿ-ին հնարավորություն տվեց մի ընտրատեղամասում 15 թեկնածու առաջադրել: Բա ո՞նց էին նրանց դեմ պայքարելու: Ամեն մեկն ասում է մի գյուղ կասֆալտեմ, բա դու ի՞նչ պետք է ասես: Ժողովուրդն էլ ըստ երևույթին, ինչպես ամբողջ աշխարհում, ասում է նաղդը պոկեմ:Տեսե՛ք, ո՞վ է ամենաշատ ձայնը հավաքել.Սամվել Ալեքսանյանը, ով փող, լավաշ է տվել: Եթե մարդկանց ամբողջ նպատակը 2 լավաշ ձրի ստանալն է, ի՞նչ ասես: Նրանք չեն գիտակցում, որ կառավարման ձևից կախված է նրանց բարեկեցությունը»:
Հարցին՝ գուցե չկար այն ուժը, որին ժողովուրդը կվստահեր, Արա Պապյանը պատասխանեց.
«Իհարկե՝ չկար: Իշխանությունը թույլ չի տալիս, որ այն ձևավորվի: Այդքան միամիտ չէ: Հենց մեկը սկսում է մի քիչ խոսել, թպրտալ, սկսում են վարկաբեկել, սուտ լուրեր տարածել ու դու չես կարող ոչինչ անել, քանի որ ով քո մասին տարածած սուտը կարդաց, էլ քո հերքմանը չի հավատա, կասի, մի բան կա ուրեմն: Գրեթե վստահ եմ, որ այստեղ շատ բան է դիտավորյալ արվում: Մի ընտրազանգվածի՝ ասենք 700.000-ից մի քիչ շատ մարդու աղքատ են պահում, որպեսզի նրանց առնեն: 1988 թվին ժողովրդին ինչո՞ւ չէին կարողանում առնել, որովհետև մի 20 տարի կուշտ էր, որոշակի բարեկեցություն, վստահություն ուներ»:
Քաղաքագետն անդրադարձավ նաև Արցախի մասնատման հարցին, որը ընդդիմադիրների ակնարկներով, կբերվի ԱԺ.
«ՀՀԿ-ն, որն այսօր 55 մանդատ ունի, երբեք չի էլ ասել, որ հրաժարվում է «Մադրիդյան սկզբունքներ»-ից: Նրանք էլի բերելու են այդ հարցը: Սերժ Սարգսյանն ընտրություններից առաջ գնաց Արցախ՝ ասաց, որ Գերագույն գլխավոր հրամանատար պետք է ընտրեն, որը եթե պետք լինի՝ նաև նահանջի հրաման տա: Մարդը պարզ ասաց, որ պատրաստ է դա անելու, եկե՛ք չխաբենք: Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, գոնե այդ կուսակցությունը խոսքի մակարդակով ասում է, որ դեմ է տարածքներ հանձնելուն, իսկ թե գործնական առումով ի՞նչ կանի՝ դժվար է ասել: Չնայած կարծում եմ՝ այս ընտրությունները մի դրական բան էլ ունեցան.Սերժ Սարգսյանը կարող է միջնորդներին որպես փաստ ներկայացնել ՀԱԿ-ի հավաքած ձայներն ու ասել, որ մեր հասարակության անգամ 2 տոկոսը համաձայն չէ տարածք հանձնելուն: Ժողովուրդը կարող է կաշառք վերցնել, բայց ոչ Արցախը տալ ու եթե փորձեն իրենց միակ նվաճումը ծախել, այնպես, ինչպես ապրիլյան պատերազմին հավաքվեցին՝ կհավաքվեն ու ուրիշ բաներ կանեն: Հող տալը բարեկեցություն ու խաղաղություն չի բերելու, մի շարք եթե-ներ է բերելու: Ենթադրում եմ, որ իշխանությունը ամեն ինչ կանի՝ չհանձնելու համար, քանի դեռ իշխանությունը կորցնելու վտանգ չկա, եթե լինի՝ Արցախը տալու փորձ կանի: Ցավոք, մեր իշխանության համար իշխանությունից բարձր որևէ բան գոյություն չունի»:
մանրամասները՝այստեղ:
