Հոգու ամենածանր բեռը անսեր սիրալիրությունն է
Տատս ասում էր՝ սերը անգամ գիշատիչ գազանի սիրտը կփափկեցնի: Տատս մանկավարժ էր, ամբողջ կյանքում սեր ու բարություն էր բաժանել: Միամիտ, բարի տատս ինչ իմանար, որ գազանից ավելի գիշատիչ մարդիկ կան, որոնց դժոխային սիրտը ոչ մի սեր չի փափկեցնի:
Նրանք քո սերը անվանում են խղճահարություն, քո օգնությունը նվաստացում, քո առաքինությունները իրենց ապիկարությունը շեշտելու միջոց ու բազմապատկում են իրենց խավար սրտի ատելությունը քո հանդեպ: Տատս չկա, որ ես հարցնեմ նրան՝ իսկ ի՞նչ անել, երբ քո հոգու ամբողջ լույսը մի կաթիլ լույս չի վառում սառն ու անփայլ աչքերի սև շրջանակում: Անսեր մարդիկ ամենադժբախտ մարդիկ են: Հոգու ամենածանր բեռը անսեր սիրալիրությունն է, մետաղյա, անհույզ քրքիջը, որին սիրտը չի մասնակցում: Իսկ տատս չկա, որ մի ուրիշ ճանապարհ հուշի սիրուց բացի...
