Հոկտեմբերի 29-ը Գլխուղեղի կաթվածի դեմ պայքարի համաշխարհային օրն է
Հոկտեմբերի 29-ին նշվող ամսաթվի պատմությունը սկսվել է 2004 թվականից, երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը գլխուղեղի կաթվածը հայտարարեց համընդհանուր համաճարակ: Այս հիվանդությունն այսօր էլ մնում է մահացությունների և հաշմանդամության գլխավոր պատճառներից մեկն աշխարհում: Անոթային հիվանդություններին բաժին է ընկնում մահացությունների գրեթե կեսը, ընդ որում, մեկ հինգերորդ մասի մոտ դա տեղի է ունենում աշխատունակ տարիքում:
Ամբողջ աշխարհում խնդրի լուծման համար ամենակարևոր նշանակությունը տրվում է կանխարգելիչ միջոցառումներին: Այդ օրը բժիշկները և նրանց օգնող կամավորները բնակչության հետ կազմակերպում են աշխատանքներ, իրականացնում ռիսկի գործոնների արագ ախտորոշում: Շատ երկրներում և քաղաքներում հոկտեմբերի 29-ին գործում են բժշկական կենտրոններ, որտեղ ցանկացած մարդ կարող է խորհրդակցել բժիշկ-նյարդաբանի կամ թերապևտի հետ և ստանալ կաթվածից խուսափելու վերաբերյալ տեղեկություններ:
Կաթվածը գլխուղեղային արյան շրջանառության սուր խանգարումն է` գլխուղեղի հյուսվածքի վնասմամբ և ֆունկցիաների խանգարմամբ: Կաթվածի հիմնական պատճառներն են հիպերտոնիկ հիվանդությունը և գլխուղեղի արյան անոթների աթերոսկլերոզ:
