Հոկտեմբերի 5-ին ԱԺ արտահերթ նիստ կգումարվի
Հոկտեմբերի 5-ին ԱԺ արտահերթ նիստ կգումարվի: Այս մասին որոշում է կայացրել ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում: Նիստի օրակարգում ընդգրկված է մեկ հարց՝ «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մասնավորապես, հոկտեմբերի 7-ից Հայաստանում մեկնարկում են Ֆրանկոֆոնիայի օրերը եւ անհրաժեշտ է լինելու, որ երկու օր ոչ աշխատանքային հայտարարվի: Իսկ դրա համար, ըստ նրա, անհրաժեշտ է օրենսդրական փոփոխություն կատարել հիշյալ օրենքում:
Կառավարության որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի հետ կապված՝ կառավարությունը կարող է աշխատանքային օրերը տեղափոխել:
Սույն կարգավորմամբ կառավարությունը լիազորված է աշխատանքային օրերը տեղափոխել բացառապես ՀՀ տոների եւ հիշատակի օրերի կապակցությամբ, սակայն գործնականում առաջանում եմ նաեւ այլ դեպքերում եւս աշխատանքային օրերի տեղափոխման օբյեկտիվ անհրաժեշտություն:
Մանավորապես, նման անհրաժեշտություն ծագում է, երբ հանրապետությունում կարեւորագույն միջոցառումներ են անցկացվում, որին մասնակցում են պետությունների կամ կառավարությունների ղեկավարներ: Վերջիններիս անվտանգությունը եւ պատշաճ տեղաշարժը կազմակերպելու նպատակով սովորաբար կարիք է լինում փակել գլխավոր փողոցներ, ինչի արդյունքում առաջանում են անհարմարություններ քաղաքացիների համար, քանի որ երթեւեկությունը դառնում է ծանր՝ շատ հաճախ ուղեկցվելով խցանումներով:
