Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի պատասխանը Երուսաղեմի հայոց պատրիարքի նամակին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու, Արթիկի թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը հանդես է եկել Երուսաղեմի հայոց պատրիարք, ամենապատիվ Տ. Նուրհան արք. Մանուկյանին ուղղված պատասխան նամակով, որը ներկայացնում ենք ստորև.
«Ամենապատի՛վ Հայր,
Ափսոսանքով ու հիասթափությամբ ծանոթացա շրջանառության մեջ դրված ձեր վերջին գրությանը: Ցավալի է, որ Երուսաղեմի Հայոց Պատրիարքը` Հայ Եկեղեցու նվիրապետության մեջ բարձր պաշտոն զբաղեցնող անձը, կարող է այդպիսի բովանդակությամբ եւ այդպիսի ձեւակերպումներով նամակ շարադրել:
Առայժմ բավարարվում եմ ձեր ուշադրությունը բեւեռելով հետեւյալին.
1. Դուք զրպարտում եք գրելով, թե իբր ս/թ սեպտեմբերին կայացած Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի ընթացքին մենք՝ ժողովականներս, փորձել ենք Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը թեմի վերածել: Այդ մասին ձեզ բազմիցս ասվել է: Ձեր ընդվզումը հիմնված է ստի ու ապատեղեկատվության վրա: Անտեղին են նաեւ ձեր ընդվզումները, թե իբր մենք խոսել ենք Երուսաղեմի Աթոռի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ենթարկվելու հարցի վերաբերյալ: Երուսաղեմի Աթոռի ու Սուրբ Էջմիածնի հարաբերություններին, կարգավիճակին առնչվող կանոններն ու օրենքները հաստատվել են մեր Եկեղեցու սուրբ հայրերի ու հայրապետների կողմից, նվիրագործվել են դարերի ընթացքում գրավոր ու պատմական այլ վավերագրերով: Այս հարցը ո՛չ իմ, ո՛չ ձեր եւ որեւէ մեկի քննարկման առարկան չէ ու չի կարող դառնալ: Սրբազան Պատրիարք, բոլոր պարագաներում, առիթն ունեիք ոչ միայն ներկա գտնվելու ժողովին, այլեւ ի պահանջել հարկի սաստելու ըստ ձեզ «վայրահաչ բերաններինը»: Սակայն վայրահաչությունը ոչ թե հարցերի բովանդակային քննարկմանը մասնակցելը կամ բանավիճելն է, այլ Հայոց Հայրապետի եւ եպիսկոպոսաց դասի հասցեին «զբարբառն գելակայ» արձակելը:
2. Վերջին անգամ Երուսաղեմում եղել եմ 2011-ի ապրիլին` մասնակցելով Ավագ Շաբաթվա արարողություններին: Փորձել եմ իմ օգտակարությունը բերել միաբանությանը: Բնական է, որ այդ ընթացքում առիթ պիտի ունեցած լինեինք (ձեր հրապարակած զվարճական պատմությունները լսելուց բացի) զրուցելու նաեւ Հայ Եկեղեցու առաքելությանն առնչվող տարբեր բնույթի հարցերի ու նյութերի շուրջ: Ինչ վերաբերում է ձեր ներկայությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսից գանգատված լինելու մասին ձեր ասածին՝ ես դա դիտավորյալ կերպով թողնում եմ անպատասխան ձեր ասածի չափազանց անհեթեթ ու անլուրջ լինելու պատճառով:
Սակայն վերոհիշյալ երկու հարցերից զատ ինձ առավել մտահոգում է ձեր բռնած ընթացքը: Երկամյա գահակալության շրջանում, դուք, դժբախտաբար հայ իրականությանն ու հավատացյալների առավել լայն շերտերի ճանաչելի դարձաք աղմկալից խնդիրներ հարուցելու ձեր «հարուստ ժառանգությամբ», որը ոչ միայն ողբերգություն է, այլեւ սպառնալիք Հայ Եկեղեցու համերաշխությանը 2015 թվի նվիրական տարվա սեմին: Խորը ցավ եմ ապրում, քանզի այս ամենը իրականացվում է Հայ Առաքելական Սբ. Եկեղեցու նվիրապետական աթոռներից մեկի գահակալի կողմից, անձի, որը կարող էր իր ուժերն օգտագործել ոչ թե անհարկի տհաճություններ պատճառելով, այլ նպաստել, որ Իսրայելի կառավարությունը հայանպաստ կարեւոր որոշում ընդուներ:
Սրբազան Պատրիարք, Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը Հայ Առաքելական Եկեղեցու անբաժան մասն է եւ մեր բոլորիս հպարտությունը: Մենք խոնարհվում ենք այն լուսավոր հայրերի հիշատակի առջեւ, որ մեր ազգին ու Եկեղեցուն ժառանգել են այս սրբությունները: Սուրբ Երուսաղեմում ապրում եւ ծառայում են շատ երիտասարդ եւ նվիրյալ հոգեւորականներ՝ մեր հոգեւոր եղբայրները, որոնց նկատմամբ տածում ենք սեր, հարգանք եւ ունենք գնահատանքի զգացում: Այս երիտասարդ հայրերն են, որ առօրյա սխրանք են գործում՝ պահպանելով մեր սրբությունները: Մի՛ անվանարկեք այդ երիտասարդներին ու մի՛ ստվերեք նրանց կատարած նվիրական գործը: «Վա՜յ աշխարհին՝ գայթակղութիւնների պատճառով. գայթակղութիւններ պէտք է որ գան, բայց վա՜յ այն մարդուն, որի միջոցով կը գայ գայթակղութիւնը» (Մատթ. ԺԸ. 7)»:
