Հովիկ Աբրահամյանն այլեւս վարչապետ չէ
Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հայտարարել է, որ երբ լինում է ներքին ռեսուրսների մոբիլիզացիա, հնարավոր է տնտեսության վրա արտաքին բացասական ազդեցությունը չեզոքացնել, բայց դրա անմիջական ազդեցությունը հանրությունն իր վրա չի զգա թե տեսականում, թե գործնականում, քանի որ կա կապիտալի վերահսկման եւ եկամուտի տարածման խնդիր:
Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն այդպիսով պատասխանում է վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ասելով, որ հնարավոր չէ կիսամյակային 4,4 տոկոս տնտեսական «աճ» ներկայացնել հանրությանը: Ճշմարիտյանը գրեթե ճշմարտությունն է ասում, այն իմաստով, որ մի կողմից չի ուզում ուղիղ ասել, որ վարչապետը եւ պաշտոնական վիճակագրությունը մոգոնել են աճը, մյուս կողմից խոստովանում է, որ չկա հանրությանը ներկայացնելու բան:
Հանրությանը տնտեսական աճի հարցում համոզելու գործում Հովիկ Աբրահամյանը փաստացի մնաց մենակ: Նա հայտարարեց, թե կառավարության ոչ մի անդամ չի կարող հակադրվել վարչապետին: Կառավարության անդամները չեն էլ հակադրվում, որովհետեւ թերեւս հակադրվելը համարում են անիմաստ եւ ավելորդ՝ միեւնույն է, կառավարության ոչ մի անդամ չի կարող վարչապետին ավելի համոզիչ հակադրվել, քան հակադրվում է իրականությունը, կամ քան վարչապետն է հակադրվում իրականությանը:
Խնդիրը վաղուց կառավարության անդամների ու վարչապետի մեջ չէ, այլ վարչապետի ու իրականության: Խնդիրը մեծ հաշվով այն է, որ Հովիկ Աբրահամյանը դե ֆակտո այլեւս վարչապետ չէ: Նա ավելի վարչապետ էր ԱԺ նախագահի պաշտոնում, երբ փորձում էր ցույց տալ, որ վարչապետն ինքն է, ոչ թե Տիգրան Սարգսյանը: Հայտնվելով նրա տեղում, Հովիկ Աբրահամյանը մեկ տարի անց փաստացի դադարեց լինել վարչապետ: Ավելին, Տիգրան Սարգսյանն ավելի վարչապետ էր, որովհետեւ գոնե խոսում էր օլիգարխիան եւ մենաշնորհները չեզոքացնելու մասին (թե ինչ էր անում կամ ինչ էր կարողանում անել, այլ հարց է):
Հովիկ Աբրահամյանը խոսում է ընդհանրապես չեղած բանի՝ տնտեսական աճի մասին, ինչը տարակուսանք է առաջացնում անգամ օլիգարխիայի մոտ: Որովհետեւ օլիգարխիան ակնկալում էր, որ Աբրահամյանը պետք է իրապես օգնի ապահովել տնտեսական աճ, մինչդեռ Աբրահամյանն օլիգարխիայից ներկայում ակնկալում է բոլորովին այլ բան՝ ակնկալում է հատկացումներ, որոնք կօգնեն ինչ որ կերպ ցույց տալ, որ եղել է տնտեսական աճ: Բայց, քաղաքական կշռի իմաստով Աբրահամյանը չունի այն, ինչը օլիգարխիային կհամոզի տրամադրել այդ օգնությունը, ֆինանսական հատկացումները աճ ցույց տալու համար:
Այն բանից հետո, երբ նա հրապարակավ «բամփեց» խնամի Գագիկ Ծառուկյանին, օլիգարխիան հասկացավ, որ ցանկացած պահի Աբրահամյանը կարող է «բամփել» իրենցից յուրաքանչյուրին, հետեւաբար ի՞նչ երաշխիքով մասնակցություն ունենալ նրա տնտեսական աճի ձեւավորմանը, եթե կասկածի տակ է այդ մասնակցության քաղաքական հենքը:
Միաժամանակ, ներկայում էլ իր թեւի տակ վերցնելով Գագիկ Ծառուկյանին, Սերժ Սարգսյանն էլ ավելի է խորացնում Աբրահամյանի եւ օլիգարխիայի անջրպետը, Աբրահամյանի հանդեպ օլիգարխիայի անվստահությունը, ցույց տալով, որ վարչապետը, չնայած առաջինը լինելու հավակնությանը, իրականում իրավիճակային գործիչ է եւ չունի ներիշխանական գործընթացների վրա որոշիչ ազդեցություն:
Մանրամասները՝lragir.am-ում
