Հովիկ Աբրահամյանի կառավարությունը տապալված է
1-in.am-ը գրում է.Հայաստանի ներքաղաքական կոչված կյանքը վերածվել է Հայաստանի տապալված կառավարության թաքստոցի: Տնտեսական իրավիճակը Հայաստանում վաղուց հատել է կրիտիկական սահմանը, և ներկայումս խնդիրն ընդամենը այդ իրավիճակի ճակատագրականության աստիճանն ու դինամիկան են:
Նոր կառավարությունը, որ ձևավորվեց ապրիլ-մայիսին, և որի ձևավորման գործընթացում իր մեծ լուման ունեցավ նաև ոչ իշխանական ուժերի այն ժամանակ դեռ քառյակը, այսօր ըստ էության լիակատար տապալված կառավարություն է: Եվ Հայաստանում լիակատար տապալված պետք է համարվեն բոլոր այն կառավարությունները, որոնք ստանձնելով տնտեսական քաղաքականության պատասխանատվությունը` առավելագույնը 5-6 ամսում չեն ապահովում որևէ բեկում տնտեսական գործընթացներում, տնտեսական քաղաքականության տրամաբանության մեջ:
Խնդիրն այստեղ նույնիսկ մակրոտնտեսական ցուցանիշները չեն, քանի որ այդ ցուցանիշներն, ըստ էության, ժամանակի հարց են, և բեկումը կարող է տեղի ունենալ այսօր, իսկ ցուցանիշները երևան մեկ-երկու տարի հետո: Խնդիրը բեկումն է զարգացման տրամաբանության, իրավիճակի տրամաբանության տեսանկյունից, երբ խաղի կանոններն այնպես են փոխվում, որ համոզիչ են լինում ոչ միայն քեաօլիգարխիայի համար, այլ առաջին հերթին փոքր ու միջին բիզնեսի և ընդհանրապես շարքային հանրության, որովհետև փոքր ու միջին բիզնեսի համար համոզչություն ասելով մենք առավելապես նկատի ենք առնում լոկ հարկային վարչարարության փոփոխությունները: Իրականում բեկումն այստեղ չէ, որ պետք է տեղի ունենա: Հարկային վարչարարությունը պետք է արտահայտի բեկումը, լինի դրա դրսևորումներից մեկն ընդամենը:
Բեկում չկա խաղի կանոնների տրամաբանության և փիլիսոփայության, նոր, կրեատիվ մոտեցումներ չկան, հետևաբար` Հովիկ Աբրահամյանի կառավարությունը տապալված է և տապալված է առաջիկա առնվազն մեկ տարվա կտրվածքով, որի մասին վկայում է այն բյուջեի նախագիծը, որը ներկայացրել է Աբրահամյանը: Ըստ որում` կրկին ոչ թե թվերի առումով, թվերը հարաբերական են, այլ բովանդակության: Բյուջեն բովանդակություն չունի, ասել է թե` բովանդակություն չունի այն ներկայացնող վարչապետն ու կառավարությունը: Իսկ Հայաստանին պետք են օպերատիվ փոփոխություններ, պետք է օպերատիվ տնտեսական քաղաքականություն, որովհետև ժամանակի վրա հաշվարկված քայլերը ամեն անցնող օրվա հետ դառնում են ավելի պակաս արդյունավետ իրենց պոտենցիալով, քանի որ ամեն անցնող օր ավելի է բարդացնում Հայաստանի սոցիալ-տնտեսական և բարոյահոգեբանական վիճակը:
Հայաստանի քաղաքացիությունից արդեն հրաժարվում են ոչ միայն շարքային քաղաքացիները, այլ նույնիսկ իրավապահ համակարգի և բանակի սպաները՝ սոցիալ-տնտեսական իրավիճակի պատճառով, գոնե ռուսական բարձր թոշակ ստանալու համար: Սա աղետ է, սա ազգային անվտանգության և ազգային արժանապատվության անկում է, որը բեկում է պահանջում՝ առանց բեկման ժամանակի մեջ աղետն է խորանում, ոչ թե, այսպես ասած, տնտեսական քաղաքականությունն է արդյունք տալիս:
մանրամասները` սկզբնաղբյուրում:
