Հովիկ Աբրահամյանի «տղամարդու խոսք»-ը մնաց օդում կախված.VIDEO
Հովիկ Աբրահամյանի «տղամարդու խոսք»-ը մնաց օդում կախված, հաշմանդամ օդաչուները սպասում են նոր վարչապետի «խոսքին»:
Ավելի քան երկու տարի առաջ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը «Հայկական ավիաուղիներ» ընկերության նախկին օդաչուներին «տղամարդու խոսք» էր տվել լուծել նրանց խնդիրը: Սակայն նրա խոսքը մնաց օդում կախված. մինչ օրս իրենց հասանելիք գումարներն ստանալու ակնկալիքով՝ հաշմանդամ օդաչուները ամեն հինգշաբթի գալիս են կառավարության շենքի մոտ:
2006 թվականից են իրենց առողջության վնասի փոխհատուցման համար պայքարող հաշմանդամություն ձեռք բերած օդաչուներին ինչ-որ չափով հույս տվեց կառավարությունում տեղի ունեցած փոփոխությունները: Մասնավորապես տարեվերջին վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականով կազմվեց նոր ցուցակ, հավաքագրվեցին ողջ մնացած օդաչուների փաստաթղթերը: Սա հույս արթնացրեց, սակայն, ինչպես Fnews.am-ի հետ զրույցում նկատեց 40-ամյա ավիատեխնիկ Վանիկ Մաիլյանը, նշելով որ սայլը դեռևս տեղից չի շարժվել:
«130 մարդ ենք եղել, մնացել ենք 50-ը: Մարդիկ մահացել են… Մենք՝ հաշմանդամներս պահանջում ենք վերականգնել փոխհատուցման վճարումները… վարչապետը մեր դակումենեշտները ուզել ա, բայց դեռ ոչ մի բան չկա, սպասում ենք իրա հրամանին…»,-մեզ հետ զրույցում ասաց Վանիկ Մաիլյանը:
Ի դեպ, ակցիայի մասնակիցների շարքում չկար Վթարված «Յակ-40» օդանավի անձնակազմի անդամ, զոհված Սարգիս Գրիգորյանի մայրը` 80 ամյա Ջեմմա Հովհաննիսյանը, ով ամեն հինգշաբթի պարտաճանաչ գալիս էր մասնակցելու բողոքի ցույցին: Հաշմանդամ օդաչուները մեզ փոխանցեցին, որ նա վատառողջ է:
Հիշեցնենք, որ դեռ 10 տարի առաջ «Հայկական ավիաուղիներ» ընկերության կողմից նրանք ստանում էին առողջության վնասի փոխհատուցում՝ որպես աշխատանքի ընթացքում հաշմանդամություն ստացած անձինք: «Հայկական ավիաուղիներ»-ը 2006 թվականին լուծարվել է: Դրանից հետո այդ գումարի վճարման պարտավորությունը ստանձնել է Հայաստանի կառավարությունը, սակայն մինչև օրս վճարումներ չեն կատարվել:
Մանրամասները տեսանյութում:
