ՀՔԾ վարչության պետի տեղակալը տեսախցիկի առաջ ծեծի է ենթարկել կալանավորին. պնդում են հարազատները
ՀՔԾ ընդհանուր բնույթի հանցագործությունների վարչության պետի տեղակալ Վահագն Մուրադյանը հենց «Նուբարաշեն» ՔԿՀ-ում` ներկաների ու տեսախցիկի առաջ ծեծի է ենթարկել իր վարույթում քննվող քրեական գործով կալանավորված Սրապիոն Արթենյանին: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին կալանավորի հարազատները` հավելելով, որ դեպքը տեղի է ունեցել հարցաքննության սենյակից դուրս գալուց հետո` միջանցքում, և արձանագրվել է տեսախցիկներով:
«Քրեակատարողական հիմնարկում արդեն հարցաքննությունն ավարտած են լինում, ճանապարհին, պաշտպանն է լինում, ուղեկցողներն են լինում` ՔԿՀ-ի աշխատակիցները, քննիչը տեսախցիկների առկայությամբ, հարվածում է Սրապիոնին», -մեզ հետ զրույցում պատմեցին Սրապիոնի մայրն ու եղբայրը:
«Քննիչն անընդհատ Սրապիոնին ստիպել է, որ իր ուզածը գրի, Սրապիոնն էլ ասել է՝ միակողմանի քննություն ես տանում, քննիչը դրանից կատաղել ու հարվածել է որդուս»,- պատմեց Մարիամ Արթինյանը:
Դրանից հետո, մարմնական վնասվածքներ ստացած Սրապիոնին, ըստ հարազատների, տեղափոխում են խուց, «մի քանի անգամ բժիշկ է գալիս նրա մոտ, էլի նորից ասում է գլխացավեր ունեմ, դեղեր են տալիս»:
Տեղի ունեցածի մասին տեղեկանալով` կալանավորի հարազատները դիմել են պատկան կառույցներին:
«Մենք դիմեցինք ԱԱԾ»,- ասաց կալանավորի եղբայրը և հավելեց, որ որոշ ժամանակ անց այնտեղից արդեն պատասխան են ստացել. «Սրապիոնին գրություն է եկել ԱԱԾ-ից, որ պաշտոնեական լիազորությունների անցումով ու ևս մեկ հոդվածով քրեական գործ է հարուցվել քննիչի հետ կապված: Մեզ էլ գրություն է եկել, որ ձեր հաղորդման հիման վրա քննությունն է կատարվում, ընթացքի մասին կտեղեկացնենք»:
մանրամասները` սկզբնաղբյուրում
