Հրաչյա Հարությունյանը առողջական լուրջ խնդիրներ ունի. նա կարող է գամվել անվասալյակին
Երկու տարի առաջ Ռուսաստանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից հետո 6 տարի 9 ամիս ազատազրկման դատապարտված Հրաչյա Հարությունյանն առողջական խնդիրներ ունի: Նրա աները` Վիկտոր Մարտիրոսյանն ահազանգում է, որ նրան պետք է անհապաղ ենթարկեն վիրահատության: «Ողնաշարի ճողվածք ունի պետք է նրան վիրահատության ենթարկեն: Ես բոլոր բժշկական փաստաթղթերը ուղարկել եմ և պահանջում եմ, որ նրան այնտեղ մեկ անգամ ևս հետազոտության ենթարկեն: Եթե մոտ օրերս չվիրահատեն ես համոզված եմ, որ Հրաչյան տեղաշարժվելու հետ կապված խնդիրներ կունենա: Կարող է նույնիսկ գամվել անվասալյակին»,-Fnews.am-ի հետ զրույցում ասաց Հրաչյա Հարությունյանի աները՝ Վիկտոր Մարտիրոսյանը: Ինչ վերաբերում է Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու գորխընթացին,Մարտիրոսյանն ասաց, որ իրենք սպասում են. «Սպասողական վիճակի մեջ ենք, մեզ ասել են, որ այս տարի կլինի տեղափոխությունը, թե երբ չենք կարող ասել, պատկան մարմինները վստահեցրել են, որ կտեղափոխեն Հայաստան»:
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն էլ իր հերթին հայտարարել էր, որ Հրաչյա Հարությունյանին, ամենայն հավանականությամբ, Հայաստան կտեղափոխեն այս տարի. «Ներկայում հարցի քննարկումը գտնվում է ՌԴ իրավասու մարմինների քննարկման տիրույթում: Հանձնումը բավականին երկարատև գործընթաց է, այն ենթադրում է բազմաթիվ ներպետական գործընթացներ»,- նշել էր Արփինե Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ որ 2013 թվականի հուլիսի 13-ին Հայաստանի քաղաքացի հանդիսացող Հրաչյա Հարությունյանը բեռնատար ավտոմեքենայով հարվածել էր ուղևորատար ավտոբուսի, որի հետևանքով 18 մարդ էր զոհվել, շուրջ 40-ը՝ վիրավորվել: Ռուսաստանի դատարանը վթարի համար մեղավոր էր ճանաչել Հրաչյա Հարությունյանին՝ ավտոմեքենայի արգելակման համակարգի անսարքության մասին իմանալու և անսարքությունները չվերացնելու համար` նրան դատապարտելով ազատազրկման 6 տարի 9 ամիս ժամկետով:
