Հրայր Թովմասյանը չհիշեց, թե այս տարի ԱԺ աշխատակազմը քանի ավտոմեքենա է գնել
Փաստինֆոն գրում է. ԱԺ բակում արդեն մի քանի նոր ջիփ ավտոմեքենաներ կան, ԱԺ նախագահին ու հանձնաժողովների ղեկավարներին են նոր ավտոմեքենաներ տրվել:
Այս մասին այսօր ԱԺ-ում ԱԺ անցած տարվա բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց պատգամավոր Էդմոն մարուքյանը՝ միաժամանակ հարց ուղղելով ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանին, թե հաշվետու տարում քանի նոր ավտոմեքենա է ձեռք բերվել և ինչ ծախսով:
Հրայր Թովմասյանը պատասխանեց, որ 2014թ-ին ընդամենը 1 ավտոմեքենա է ձեռք բերվել, որն սպասարկելու է ԱԺ նախագահին:
«Ավտոմեքենան ձեռք է բերվել 2013թ-ին, բայց բվճարումը կատարվել է 2014-ին»,- ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավարը՝ հավելելով, որ 2014թ-ին այլ ավտոմեքենա ձեռք չի բերվել:
Իսկ ինչ վերաբերում է պատգամավորի հիշատակած ջիփ ավտոմեքենաներին, Հրայր Թովմասյանը չհիշեց, թե ինչ ավտոմեքենաների մասին է խոսքը, բայց խոստացավ այդ հարցին մանրամասն անդրադառնալ արդեն 2015թ-ի հաշվետվության մեջ:
Էդմոն Մարուքյանը հստակեցրեց, որ իր հիշատակած ջիփերըԱԺ նախագահի անվտանգությունը սպասարկող 2 նոր ձեռք բերված ավտոմեքենաներն են, որոնք ուղեկցում են ԱԺ նախագահի ավտոմեքենան:
«Նման սոցիալական խնդիրներ ունեցող երկրում պետք է առնվազն այնպես անել, որ չծախսվեն այսպիսի գումարներ: Հատկապես, որ ամեն անգամ, երբ որևէ բանի համար գումար է պետք լինում, ասում են բյուջեում փող չկա, բայց ավտոմեքենաների համար կա» ,- ասաց Էդմոն Մարուքյանը:
