Հրազդանի բնակիչը բանակի ղեկավարների անունից զինծառայողների ծնողներից գումարներ է շորթել. ԱԱԾ
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, մարտի 16-ին, ձերբակալվել է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչ, տարբեր հանցագործությունների համար նախկինում 11 անգամ դատապարտված, 47-ամյա Համլետ Ռաֆիկի Ղազարյանը:
ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնում են, որ վերջինս տեւական ժամանակ, ՀՀ Պաշտպանության նախարարության եւ ԼՂՀ Պաշտպանության բանակի բարձրաստիճան ղեկավարների անունից ԼՂՀ տարածքում ժամկետային զինվորական ծառայություն անցնող զինվորների ծնողներից՝ իրենց որդիներին ՀՀ տարածք ծառայության տեղափոխելու պատրվակով, խոշոր գումարներ է շորթել՝ պատճառաբանելով, որ վերցված գումարներն իբր օրինական մուծումներ են:
Համլետ Ղազարյանի անօրինական գործունեության աշխարհագրությունը ընդգրկել է ՀՀ գրեթե բոլոր մարզերի տասնյակ գյուղեր, առաջացնելով ինչպես համայնքների բնակիչների, այնպես էլ ՀՀ եւ ԼՂՀ Զինված Ուժերի հրամանատարության արդարացի զայրույթը:
Կապվելով տարբեր մարզերի գյուղապետերի հետ, Համլետ Ղազարյանը ներկայանալով որպես բարձրաստիճան զինվորական, առաջարկել է համայնքներից ԼՂՀ-ում ծառայող զինվորների ծնողներին փոխանցել իր հեռախոսահամարը՝ իրենց զավակներին ՀՀ տարածք ծառայության տեղափոխելու ցանկության դեպքում իրեն դիմելու համար: Հետագայում համաձայնություն ձեռք բերելու դեպքում, Համլետ Ղազարյանը հանդիպելով զինվորների ծնողներին՝ յուրաքանչյուրից խաբեությամբ շորթել է 160.000-200.000 ՀՀ դրամ: Համլետ Ղազարյանն իր հանցավոր գործունեությամբ ոչ միայն խաբել է տասնյակ քաղաքացիների, այլ նաեւ վարկաբեկել ՀՀ եւ ԼՂՀ Զինված Ուժերին:
Փաստի առթիվ հարուցված քրեական գործով քննությունը վարում է ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունը:
Համլետ Ղազարյանի անօրինական գործունեությունից տուժած քաղաքացիներին խնդրում ենք զանգահարել՝ 010-57-94-07 եւ 011-52-95-56 հեռախոսահամարներով, կամ դիմել ԱԱԾ Քննչական վարչություն:
