Հունան Պողոսյանը հանդիպել է Սիսիան համայնքի վարչական ղեկավարների հետ
Փետրվարի 27-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը Սիսիանում անցկացրեց խորհրդակցություն, որին մասնակցում էին խոշորացված համայնքի ղեկավարը, բնակավայրերի վարչական ղեկավարները, համայնքապետարանի աշխատակիցներ:
Քննարկման հիմնական թեման համայնքային բյուջեում ապառքների ցուցանիշն էր, հատկապես՝ հողի հարկի չհավաքված գումարները:
Մարզպետը նշեց, որ, իհարկե, կան պարտքեր, որոնք ինչ-ինչ օբյեկտիվ պատճառներով կամ գյուղացիների անվճարունակության հետեւանքով են գոյացել, եւ դրանց հավաքումն այս պահին իրատեսական չէ, բայց ոչ ամբողջ գումարն է անհուսալի, եւ գյուղերն ինչ-որ չափով աստիճանաբար կարող են լավացնել ցուցանիշները: Իսկ այս առումով անելիք ունեն թե՛ համայնքապետարանի աշխատակիցները, թե՛ վարչական ղեկավարները: Վերջիններս տարբեր օրինակներ բերեցին, թե այս կամ այն գյուղում ինչ պատկեր է, ինչու չի հավաքվում պարտքը, կամ հակառակը՝ ինչպես է հաջողվել հավաքել:
Հունան Պողոսյանը հիշեցրեց, որ, ի վերջո, հավաքվող գումարները ծառայելու են համայնքի խնդիրների լուծմանը, ուղղվելու են ենթակառուցվածքների զարգացմանը, սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորմանը եւ եւս մեկ անգամ հորդորեց լինել հետեւողական ու լուրջ աշխատանք տանել կուտակված պարտքերը հավաքելու ուղղությամբ, հնարավորինս ի հայտ բերել իրականում վճարունակ պարտքատերերին եւ տարբեր մեխանիզմներ, մոտեցումներ կիրառելով՝ ապահովել գումարների գանձումը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաեւ ներկաներին հուզող այլ հարցեր, վարչական ղեկավարներն անդրադարձան իրենց գյուղերի խնդիրներին: