Հունաստանի ֆինանսների նախարարը հրաժարական է տվել
Հունաստանի ֆինանսների նախարար Յանիս Վարուֆակիսը հրաժարական է տվել, հաղորդում է ria.ru-ն։
Հունաստանի ֆինանսների նախարարի հրաժարականը հաջորդել է կիրակի օրն անցկացված հանրաքվեի արդյունքների հրապարակմանը. կիրակի հույն ժողովուրդը վճռականորեն և «քաջաբար» «ոչ» է ասել խիստ տնտեսման ծրագրին։
Նախօրեին Հունաստանում տեղի է ունեցել հանրաքվե, որի ընթացքում քաղաքացիները պետք է պատասխանեին «ոչ» կամ «այո» հարցին, թե արդյոք հարկավոր է ընդունել հունիսի 25-ին Եվրոպական հանձնաժողովի, Եվրոպական կենտրոնական բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի առաջարկած համաձայնագիրը: Վերջին տվյալներով՝ հույների ավելի քան 61 տոկոսը պատասխանել է «ոչ»:
«Հանրաքվեի արդյունքների հրապարակումից քիչ անց ինձ հայտնի դարձավ, որ Եվրախմբի մասնակիցները և մյուս գործընկերները կարծում են, որ բանակցություններին իմ բացակայությունը կօգներ համաձայնության հասնել: Այդ պատճառով ես հեռանում եմ Ֆինանսների նախարարությունից»,- ասված է նրա հայտարարության մեջ:
«Իմ պարտքն է օգնել ինչով կարող եմ վարչապետ Ալեքսիս Ցիպրասին՝ օգտագործել կապիտալը, որը մեզ տվեց հույն ժողովուրդը հանրաքվեին»,- ասված է հայտարարության մեջ:
