Հույս ունեմ` Սամվել Բալասանյանը կլինի իր խոսքի տերը.Սերգեյ Գալոյան
Ինչպես տեղեկացրել ենք, երեկ Գյումրու ավագանին միաձայն դեմ քվեարկեց գրող, հրապարակախոս Սերգեյ Գալոյանի «Գյումրի» գրքի տպագրման համար համապատասխան նյութերի հավաքագրման անհրաժեշտ ծախսերը հոգալու նպատակով դրամական օգնություն տրամադրելուն: Խոսքը 1 980 000 (մեկ միլիոն ինը հարյուր ութսուն հազար ) դրամի մասին է: Ավագանու անդամներից մի քանիսը պատճառաբանեցին, որ իրենք ծանոթ չեն գրքի բովանդակությանը: Aravot.am-ը Սերգեյ Գալոյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ բովանդակություն ունի գիրքը, մի՞թե այն գողերի մասին է, ինչպես ենթադրում են շատերը: «2014 թվականի սեպտեմբերի 14-ին ես հանդիպեցի Սամվել Բալասանյանի հետ: Խոսեցինք, ես ասացի, որ գիրք եմ պատրաստում Հայաստանի օրենքով գողերի մասին, այդ թվում նաև լեննականցիների: Ինքը խնդրեց, ասաց՝ գիտեք, Լենինականը ավելի շատ հայտնի է իր արվեստի, մշակույթի գործիչներով: Ասի՝ շատ լավ, ինքը առաջարկեց գիրք գրել էդ մասին, ես ասի՝ խնդրեմ, ես ավելի լավ ծանոթ եմ և’ Շիրազին, և’ Ավետիք Իսահակյանին, բոլորին… Մենք պայմանավորվեցինք, որ գիրքը գրում ենք էդ մասին: Մեր հանդիպումը եղել է սեպտեմբերի 14-ին, այսինքն` սրանից ուղիղ երկու ամիս առաջ: Ես համաձայնեցի, դրանից հետո ինքը ասաց՝ ներկայացրեք այսպես ասած ծախսերի գումարը և ծրագիրը: Ներկայացրեցի, 2-3 անգամ մեր տուն եկավ նրա խորհրդականներից մեկը, նստեցինք, խոսեցինք, բոլոր փաստաթղթերը, ինչ որ ուզեց, ես ներկայացրեցի: Ինքը ասաց՝ շատ լավ, ասաց ամսի 14-ին ձեր ասած ծրագրով գիրքը կհաստատենք Գյումրիի քաղաքապետարանում և գումարը կտրամադրենք: Ես էլ հավատացի, և ամբողջ ծախսերի մեծ մասն արեցի: Եվ հիմա եկել, հասել է մի ժամանակ, ես մարդկանց եմ ձայնագրել, մարդկանց հետ եմ խոսել, մարդկանցից նյութեր եմ վերցրել, գրքեր եմ գնել, որոնք բավականին թանկ են, հյուրեր եմ ընդունել, հյուր եմ գնացել… Ինձ խոստացավ այդ տղան՝ Սամվել Բալասանյանի խորհրդականը, որ արդարադատության նախարարության նախկին աշխատող էր եղել, ասաց՝ ամսի 14-ին ձեր ծրագիրն անպայման կհաստատվի ավագանու նիստում: Առաջինը ձեզանից եմ լսում, որ այսօր մերժվել է այդ ծրագիրը»,- ասաց մեր զրուցակիցը: Իսկ գիրքը վաճառվելո՞ւ էր, թե՞ նվիրատվություն էր արվելու, ավագանու անդամներից մեկի հարցադրումը փոխանցեցինք հեղինակին: «Դա արդեն Սամվել Բալասանյանը կորոշեր, նվեր կտար, կվաճառեր, իր տրամադրության տակ պետք է լիներ», -ասաց Սերգեյ Գալոյանը: Նա նաև ասաց, որ մեզ հարցազրույց տալուց անմիջապես հետո հեռախոսազրույց է եղել իր և Սամվել Բալասանյանի միջև, որը փոխանցել է, թե ամենաուշը՝ մինչև նոյեմբերի 17-ը, կփոխհատուցեն այն բոլոր ծախսերը, որը կատարել է հեղինակը 2 ամսից ավելի ընկած ժամանակահատվածում:
Մանրամասները` սկզբնաղբյուրում:
