ՀՅԴ-ն «Դեմ եմ»-ի երիտասարդների կողքին
Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունը պատրաստվում է նոյեմբերի 12-ին միանալ «Դեմ եմ» շարժման երիտասարդներին՝ պահանջելու համատեղությամբ աշխատող դասախոսների եւ գիտաշխատողների խնդրի լուծումը: ՀՅԴ-ական պատգամավոր, կուտակային կենսաթոշակների մասին նոր օրենքի դեմ ակտիվ պայքարող Արծվիկ Մինասյանը նշեց, որ եթե քաղաքացիական նախաձեռնությունն ակցիա է կազմակերպում, իրենց խմբակցությունը բնականաբար երիտասարդների կողքին է:
Ինչ վերաբերվում է Սահմանադրական դատարանի՝ կուտակայինի հարցով պատգամավորների ներկայացրած բողոքի քննությունը մարտի 31-ից սկսելուն, Արծվիկ Մինասյանը հայտնեց, որ որոշումը ստանալուց հետո կարող է միայն մեկնաբանել:
Նշենք, որ 2014թ. հուլիսի 1-ին ուժի մեջ են մտել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները: Փոփոխված տարբերակի 81-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը սոցիալական վճար կատարելուց հրաժարվելու իրավունք չի տալիս պետական ոչ առևտրային կազմակերպությունների, այդ թվում՝ բուհերի աշխատողների համար:
Հետևաբար, բուհերի որևէ դասախոս, որ ծնվել է 1974թ. հունվարի 1-ից հետո, չի կարող հրաժարվել սոցիալական վճար կատարելու պարտականությունից ոչ միայն պետական, այլեւ մասնավոր ընկերություններում ստացած իր աշխատավարձերից։ Միայն Երեւանի պետական համալսարանից արդեն 20 դասախոս է հեռացել:
