ՀՅԴ-ն միշտ բարձրաձայնել է ընդհանուր խնդիրների մասին. Վ. Բաղդասարյան
Այսօր Ազգային ժողովում բրիֆինգների ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթում լուսավոր Հայաստան է ներկայացնում, ի՞նչ է փոխվել այս ընթացքում, նա ասաց.
«Ես ցավում եմ, որ յուրաքանչյուր երևույթի հետ կապված անմիջապես մենք ցանկանում ենք, որ առավոտյան ամեն ինչ փոխված լինի, հարկավոր է համբերել, ու քաղաքական զարգացումների ընթացքում դուք ականատես կլինեք բոլոր փոփոխություններին, որոնք կային այդ ելույթի մեջ»:
Հարցին՝ ՀՀԿ-ական պաշտոնյաները՝ նախարարները, որոնք իրենց տեղը զիջեցին ՀՅԴ-ի ներկայացուցիչներին, որևէ պաշտոն կստանա՞ն, Վ. Բաղդասարյանը պատասխանեց, որ այդ հարցը դեռ չի քննարկվել, բայց նրանք բոլորը, հնարավոր է, առաջիկայում առաջարկներ ստանան, քանի որ բոլորն էլ «կարող» մարդիկ են:
Հարցին՝ ինչո՞ւ 6 տարի կորցրեց ՀՅԴ-ն, եթե այդքան մեծ ցանկություն ունեին համագործակցել իշխանությունների հետ, Վ. Բաղդասարյանն նշեց.
«ՀՅԴ-ն միշտ բարձրաձայնել է ընդհանուր խնդիրների մասին, ու ՀՅԴ-ի համար ամենապատեհ պահը հիմա էր, քանի որ իրենք անընդհատ խոսում էին սահմանադրական փոփոխությունների մասին ու խորհրդարանական համակարգի մասին, դրա համար հենց հիմա էր ճիշտ պահը: Դա ոչ միայն վեց, այլև մեկ տարի առաջ վաղաժամ կլիներ»:
