Ի նշան բողոքի հաց չեն գնում
Շարուրի 8 հասցեում գտնվող հացի խանութներից մեկում հացի գինը բարձրացել է. «Մենք բոլոր թանկացումներին կդիմանայինք, բայց ոչ հացի գնի թանկացմանը, 1000 դրամի հաց ենք առնում, բայց չենք կշտանում»,- Fnews.am-ի հետ զրույցում ասաց տեղի բնակիչ Լուսինե Գալստյանը: Նրանք չգիտեն հացի թանկացման պատճառը: «Եթե առաջ 150 դրամով էինք հացը գնում, այսօր այն դարձրել են 180 դրամ, ինչի համար՝ չենք հասկանում. ոչ քաշն է ավելացել, ոչ էլ ուրիշ բան»,- ասում է մեկ այլ բնակիչ: Նրա խոսքով, իրենց մոտ հացը ամռանը թանկացել է նաև ամռանը, երբ էլեկտրաէներգիան թանկացավ.«130 դրամանոց հացը դարձրին 150 դրամ, իսկ այժմ էլ՝ 180, չենք հասկանում, մարդ բան չի հասկանում, թե ինչի համար են թանկացնում»: «Դեռ էլեկտրաէներգիայի թանկացմանը 10 օրից ավել կար, ինչո՞ւ էին թանկացնում, որ մի հատ էլ օգոստոսի 1-ից թանկացրին, դարձրին 200 դրամ»,-ասաց մեկ ուրիշ քաղաքացի՝ Սամվել Կարապետյանը: Այդ հատվածում ապրող բնակիչները, ի նշան բողոքի, հաց չեն գնում և պահանջում են պարզաբանել, թե ինչու են հացը թանկացրել: Վաճառողի խոսքով, իրենք ընդամենը մեկ հացի փռից են հաց ստանում, իսկ այնտեղից էլ ասել են, որ թանկացման հիմնական պատճառն այն է, որ 20 դրամով թանկացել է ալյուրը:
