Այսօր՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն ի պատասխան հարցին, թե պատրաստվո՞ւմ են արդյոք իշխանությունների հետ արտահերթ ընտրությունների շուրջ քննարկումների, ասաց.
«Որևէ քննարկման մասին ես տեղեկություն չունեմ: Եթե խոսքը գնում է Ընտրական օրենսգիրքն ընդունելու, հետո ընտրությունների գնալու մասին, բնականաբար, քննարկումներ պիտի լինեն, որովհետև խաղի կանոնները պիտի պարզ լինեն բոլոր խաղացողների համար»:
Մարուքյանի խոսքով՝ կան կանոններ: «Եթե Ընտրական օրենսգիրքն ընդունենք այսօր, ապա արտահերթ ընտրությունները պիտի անցկացվեն վեց ամիս անց: Դա Վենետիկի հանձնաժողովի պահանջներից է: Այսինքն՝ խաղի կանոններին բոլորը պիտի պատրաստվեն: Եթե Ընտրական օրենսգիրքը մնա՝ ինչպես որ կա, ապա մենք հենց վաղը կարող ենք արտահերթ ընտրություններ կազմակերպել»:
Ըստ նրա՝ խաղի կանոնների մեջ է մտնում քաղաքական կամքը, օրինակ, ընտրությունները չկեղծելը, ընտրակաշառք բաժանողի նկատմամբ քրեական գործ հարուցելը, բոլորին հեռուստաեթերի հավասար հնարավորություն տալը և այլն:
ԼՀԿ ղեկավարը նաև նշեց, որ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանից հետո ընդդիմադիրները Կառավարությունից կոնսուլտացիայի հրավեր չեն ստացել արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար:
Մարուքյանն ընդգծեց, որ իր կանխատեսմամբ՝ ամենաուշը 6 ամսվա ընթացքում կլինեն արտահերթ ընտրություններ: