Ինչ է ակնարկել Իրանն Ադրբեջանին
Ռուսական ՌԻԱ-Նովոստի գործակալությունը տարածել է տարօրինակ տեղեկություն, հղում անելով ադրբեջանական Տրենդին: Իրանն արագացրել է Խուդաֆերինի հէկ-ի շինարարությունը եւ գործնականում ավարտել Ադրբեջանի սահմանին Արաքս գետի վրա պատվարի կառուցումը, տեղեկացնում է Տրենդը, հղում անելով Իրանի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վայեզիին:
Նշենք, որ Խուդաֆերինի հէկ-ը կառուցվում է Արաքս գետի վրա, Իրանի եւ ԼՂՀ սահմանին, Իրանի ու Հայաստանի միջեւ 2007-ին կնքված պայմանագրին համապատասխան:
2009 թ. Ադրբեջանը բողոք է հայտնել շինարարության կապակցությամբ, սակայն Իրանն անտեսել է այն: Թեեւ շինարարությունն այս տարիների ընթացքում այդպես էլ ավարտին չի հասցվել:
2016 թ. փետրվարին Ադրբեջանի նախագահ Ալիեւը Թեհրանում կնքել է համաձայնագիր ջրային ռեսուրսների օգտագործման, Խուդաֆերինի եւ Գըզ Գալասիի հէկ-երի ու ջրային հանգույցների շինարարության հարցերով:
Չնայած նրան, որ այդ հանգույցները գտնվում են Ղարաբաղի տարածքում, փաստաթուղթը գնահատվել է որպես «Ադրբեջանի եւ Իրանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության, ջրային ու էներգետիկ ռեսուրսների հավասար իրավունքների, ինչպես նաեւ ՄԱԿ-ի բանաձեւերին համապատասխան Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման» հանդեպ հարգանքի նշան:
Փետրվարին մենք գրել էինք, որ Իրանի այս ուղերձը կարելի է մեկնաբանել ինչպես ասես, այդ թվում որպես քարտ-բլանշ Ադրբեջանին՝ «տարածքային ամբողջականությունը վերականգնելու» համար, կամ էլ Ղարաբաղի հետ աշխատելու մտադրություն:
Ալիեւի այս այցից 1,5 ամիս անց, ապրիլի 2-ին Ադրբեջանը հարձակվեց Ղարաբաղի վրա: Հարձակման ուղղություններից մեկը Իրանի հետ Ղարաբաղի սահմանն էր: Հաջողության դեպքում ադրբեջանական զինուժը կարող էր դուրս գալ այս հանգույցների մոտ: Սակայն հայկական ուժերին հաջողվեց պահել դիրքերը, եւ ներկայում այդ հանգույցները հայկական տարածքում են: Ավելին, հայկական կողմը պնդում է, որ ոչ մի տարածք չի հանձնվելու, եւ դիրքերն ամրացվել են:
Այս ֆոնին, ադրբեջանական գործակալությունը տարածել է սադրիչ հայտարարություն իրանցի նախարարին հղում անելով: Ավելի կասկածելի է այս տեղեկատվության ուղերձը: Ի՞նչ է ցանկացել ասել իրանցի նախարարը: Որ Իրանը դե՞մ չէ Ադրբեջանի նոր փորձին: Թե՞ Իրանը ակնարկում է, որ իր համար միեւնույն է, եւ աշխատելու է նրա հետ, ում վերահսկողության տակ կլինի այդ ջրային հանգույցը:
