Ինչ է իրականում թաքնված արտերկրում շահութաբեր աշխատանք ունենալու խոստման տակ...
Ինչպես խուսափել
Մարդկանց թրաֆիքինգը կամ ստրկությունը բոլոր ժամանակների ամենից ամոթալի և դաժան երևույթներից է, որի աճը վերջին տասնամյակում, ցավոք, վտանգավոր չափերի է հասնում: Մարդկանց թրաֆիքինգը, ի տարբերություն կազմակերպված հանցագործության մյուս ձևերի` թմրադեղերի, զենքի, գողացված մեքենաների վաճառքի, նվազագույն ռիսկի պայմաններում անհավանական շահույթներ է ապահովում կազմակերպիչներին: Իսկ զոհերին սպասվում է բռնություն, նվաստացում, հիվանդություներ, անպատվություն, վախ և ի վերջո մահ:
Մեր ժամանակներում մարդկանց թրաֆիքինգը կարող է սկսվել այնպիսի բարի նպատակներով, ինչպիսիք են շահավետ աշխատանք գտնելու հույսը, հիմնական աշխատավարձ ունենալը, սեփական ընտանիքի կյանքը պլանավորելու և բավարարված ապրելու հնարավորությունը:
Շարունակական գործազրկությունը և ծայրահեղ աղքատությունը ստիպում են մարդկանց լքել իրենց ծագման երկրները և փնտրել ցանկացած աշխատանք, միայն թե այն վարձատրվի: Արտերկրում աշխատանք փնտրողներից ոչ բոլորն ունեն բավարար տեղեկություն կամ փորձառություն այն ամենի մասին, ինչին իրենք կարող են բախվել գայթակղիչ առաջարկներ ընդունելիս:
Ովքեր են հավաքագրողները և ինչպես են նրանք գտնում իրենց զոհերին`
Ծանոթներ, ընկերներ, հարևաններ.
Պատահական մարդիկ, որոնք անցորդներին հենց փողոցում արտերկրներում աշխատանքի հրավերներ են առաջարկում.
Երիտասարդներ, որոնք գայթակղելով աղջիկներին` տանում են նրանց մինչհարսանեկան ճանապարհորդության.
Աշխատանքի տեղավորման գործակալություններ.
Տուրիստական գործակալություններ.
Մոդելներ փնտրող կամ ամուսնական գործակալություններ: Վերջիններս մարդկանց գրավում են գովազդային հայտարարություններով, որոնցում խոստանում են արտերկրում լավ վարձատրվող աշխատանք կամ մոդելի գլխապտույտ հաջողություններ “հրաշքների աշխարհում”:
Իսկ ովքեր են զոհերը`
Տարբեր տարիքի, մասնագիտությունների, ճակատագրերի տեր տղամարդիկ, կանայք և երեխաներ:
Վերջին տարիներին աճել է պահանջարկը մանկական մարմնավաճառության նկատմամբ:
Դրա պատճառներից են`
Պահանջարկը պեդոֆիլների և զբոսաշրջիկների շրջանակում.
ՁԻԱՀ-ով վարակվելու վախը.
Մանկական մարմնավաճառության գովազդումը ինտերնետի միջոցով:
Ինչ է իրականում թաքնված արտերկրում շահութաբեր աշխատանք ունենալու խոստման տակ`
Մարմնավաճառություն,
Պարտապանի վիճակ,
Շահագործում,
Մեկուսացում,
Վերավաճառք,
Շանտաժ:
Կազմակերպված հանցագործ խմբերի ձեռքն ընկած տղամարդիկ, կանայք և երեխաները վերածվում են ապրանքի, որոնց կարելի է վաճառել, պարտքի դիմաց տալ և բազմակի անգամ օգտագործելուց հետո անպիտանելիության պատճառով դեն նետել:
Այս երևույթը միջազգային է և չունի ազգային առանձնահատկություններ:
“Մարդկանց վաճառքը մարդկանց` շահագործման նպատակով հավաքագրումն է, տեղափոխումը, ձեռքից ձեռք հանձնումը և պարտակումը կամ մարդկանց ձեռք բերումն է սպառնալիքի միջոցով, ուղղակիորեն ուժով կամ ուժի գործադրման այլ ճանապարհներով և հարկադրանքի այլ մեթոդներով, ինչպիսիք են առևանգումը, խաբեությունը, սուտը, իշխանության չարաշահումը կամ իրավիճակի խոցելիությունը, կամ էլ վճարումների կամ շահի տեսքով կաշառման միջոցով, որը տրվում է տվյալ անձին հսկողության տակ պահողին այդ անձի համաձայնությունը ստանալու նպատակով”:
“Մարդկանց, հատկապես կանանց և երեխաների, առ ու վաճառքի կանխարգելման, հետապնդման և պատժման” վերաբերյալ արձանագրություն` ի լրումն “Միջազգային կազմակերպված հանցագործության” վերաբերյալ ՄԱԿ-ի կոնվենցիայի:
Անմիջապես օդանավակայանում տարբեր պատճառաբանություններով մարդկանց ձեռքից վերցրած անձնագրերն ու փաստաթղթերը հետագայում դառնում են նրանց շահագործելու ու ահաբեկելու գործիք: Ոչ օրինական ճանապարհով ձևակերպված փաստաթղթերը կամ ժամկետանց վիզան օտար երկրում գտնվող մարդուն դարձնում են խոցելի: Առանց փաստաթղթերի նա չի կարող վերադառնալ տուն, անգամ եթե նրան հաջողվի փախչել. փաստաթղթերի բացակայության և ժամկետանց վիզայի դեպքում ոստիկանությունը նրան անմիջապես կտանի արտագաղթային բանտ:
Նույնիսկ այս կանխագուշակումների առկայությամբ շատ դժվար է պատկերացնել, թե ինչ հետևանքներ կարող է առաջ բերել մարդկանց վաճառքը:
Այդ իսկ պատճառով, միակ տարբերակը մնում է իրականության մանրակրկիտ վերլուծումն ու գնահատումը, քանի դեռ դուք չեք ընդունել արտասահմանում աշխատելու որոշումը: Կյանքը հայրենի երկրում կարող է լինել ծանր, սակայն այն անկասկած նախընտրելի է օտար երկրներում սպասվող մարմնավաճառությունից և ստրկությունից: Տանը դուք ունեք ընտրություն, ունեք ազատություն:
Նախքան ձեզ հրավիրող կազմակերպության`օտար երկրում աշխատելու գայթակղիչ առաջարկն ընդունելը, մանրամասն ուսումնասիրե’ք այդ կազմակերպությունը, նրա իրավական կարգավիճակը, համբավը:
