Ինչ է տեղի ունեցել Սեւքարում. պատմում են ականատեսները
Տավուշի մարզի Սեւքար գյուղը նյութական վնասներ է կրել երեկ երեկոյան ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկած հրետակոծությունից: Յոթ անգամ ադրբեջանական զինուժը հարվածել է Սեւքարին: Արկերից մի քանիսն ընկել են գյուղի Նորաշեն թաղամաս, որն իրար է միացնում Սեւքարն ու հարեւան Սարիգյուղը:
Ահա թե մեզ հետ զրույցում ինչ պատմեց ադրբեջանցիների ձեռնարկած հրետակոծության ականատես սեւքարեցիներից մեկը. «Խնջույք էինք կազմակերպել, ծնունդ էինք նշում, երբ չորս անգամ գլխներիս վրայով շվացնելով ականներ թռան ու նույն թաղամասում, մեզնից մի հարյուր մետր վերեւ, պայթեցին: Խնջույքը հարամ արեցին մեր հակառակորդները: Ուրախությունը դադարեցրինք, բոլոր հյուրերը ցրվեցին»:
Արկերից կամ ականներից մեկը (առայժմ հայտնի չէ, թե ինչ զենք են գործածել ադրբեջանցիները) ընկել է Փաշինյանների բակ, պայթել է տան եւ գոմի մեջտեղում, ինչի հետեւանքով փլվել են տան մոտ 70 սանտիմետր հաստությամբ պատն ու գոմի պատը: Այս մասին մեզ հետ զրույցում պատմեց տան սեփականատեր Արմեն Փաշինյանը: Ըստ մեր զրուցակցի՝ Սեւքարում յոթ ական է պայթել՝ 15-20 րոպե ինտերվալով: Առաջին ականը պայթել է հենց իրենց բակում:
Մանրամասները՝ armtimes.com-ում
