Ի՞նչ կտա Հայաստանին Պուտին-Օբամա հաշտեցումը
Նյու Յորքում տեղի ունեցավ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ վերջին 2 տարվա ընթացքում առաջին երկկողմ հանդիպումը: Նախագահների քննարկման հիմնական թեման եղել է Ուկրաինայի իրավիճակի կարգավորման և սիրիական խնդիրը:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում իրանագետ Վարդան Ոսկանյանը նկատեց, որ այդ հանդիպման պայմանավորվածությունները դեռևս հստակ չեն, բայց փաստը, որ հարաբերությունների ամենացածր մակարդակում գտնվող երկու պետությունների ղեկավարները հանդիպեցին և առանձնազրույց ունեցան, շատ կարևոր է:
«Տեղի է ունենում շրջադարձային գործընթաց. փաստացիորեն Ռուսաստանն օգտագործում է սիրիական խաղաքարտը՝ ամրապնդելու իր դիրքերը: Ռուսաստանը ձգտում է կա՛մ Սիրիայում ամրապնդած դիրքերը հետագայում փոխանակել Ուկրաինայի թուլացած դիրքերի հետ, կա՛մ, իրոք, ձգտում է Մերձավոր Արևելքում ամրապնդել իր ներկայությունը՝ ստեղծելով նոր դաշինք, որին իրենց մասնակցությունն են բերում ոչ միայն Սիրիայի իշխանությունները, այլև Իրանը: Այս համատեքստում հետաքրքրական է, որ համակարգող մարմինն ստեղծվել է Բաղդադում՝ մի երկրում, որտեղ արդեն երկար տարիներ ամերիկյան ներկայությունը վճռորոշ է, այսինքն՝ Ռուսաստանը մուտք է գործում ամերիկյան շահերի ոլորտ»,- ասաց Վարդան Ոսկանյանը:
